Վրաստանի խորհրդարանի 21 «լուռ» պատգամավորները. 3-ը հայ են

Ըստ  «Միջազգային թափանցիկություն. Վրաստան» կազմակերպության զեկույցի` նախորդ տարի Վրաստանի [խորհրդարանի 21 պատգամավոր ոչ մի անգամ չի օգտվել ամբիոնից ելույթի իրավունքից:

Ըստ կազմակերպության` «լուռ» պատգամավորները ներկայացնում են «Վրացական երազանքը»: Նրանց թվում են նաև հայազգի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը:

Ի դեպ` Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու կուսակցությունն առաջադրել է  Սամվել Մանուկյանին: Ըստ կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի` «Սամվել Մանուկյանը այսօր էլ ակտիվորեն պաշտպանում է շրջանի բնակչության շահերը Վրաստանի խորհդարանում»:

Իսկ 21 տարի պատգամավորական աթռո զբաղեցրած Հենզել Մկոյանն էլ պատրաստակամություն էր հայտնել կրկին առաջադրվել՝ «բնակիչների ցանկության ու խնդրանքի դեպում»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ․ Վրաստանի» զեկույցի համաձայն` չնայած ելույթ ունեցող պատգամավորների թիվն աճել է,  պատգամավորական ակտիվության պակասը խնդիր է մնում: Ինչ վերաբերում է օրենսդիրի ամենաակտիվ ներկայացուցիչներին, ըստ կազմակերպության զեկույցի` 2019-ին ամենաշատ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը Ռատի Իոնաթամիշվիլին է, իսկ  լիագումար նիստերի ամենաակտիվ մասնակիցը խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող  Անրի Օխանաշվիլին է, ընդդիմությունից` Էկա Բեսելիան, պատգամավորական հարցերի մեծամասնության հեղինակը Սերգի Կապանաձեն է, ամենաակտիվ կոմիտեն` իրավաբանական հարցերով կոմիտեն է: