Վրաստանի խորհրդարանն այսուհետ երկկուսակցական է

Վրաստանի խորհրդարանն այսօր հաստատեց «Հայենասերների դաշինք» կուսակցության երեք նոր մանդատների լիազորությունները: Այսպիսով,  Իրմա Ինաշվիլիի, Գիորգի Լոմիայի և Գոչա Թևդորաձեի  փոխարեն խորհրդարան մտան Դավիթ Զիլփիմիանին, Փրիդոն Ինջիան և Գելա Միքաձեն: Նրանց մանդատները հաստատվել են համապատասխանաբար 82, 81, 82 ձայնով:

Նշենք՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն  հայտարարել էր, որ ընդդիմությունն արդեն ներկայացված է խորհրդարանում, և նրանք այս պահին  արդեն  կմասնակցեն որոշումների կայացման գործընթացներին խորհրդարանում:

Հիշեցնենք, Հայրենասերների դաշինք» կուսակցության 3 անդամ խորհրդարանին պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմում էին ներկայացրել դեկտեմբերի 21-ին: Ինչ վերաբերում է 4-րդ պատգամավոր Ավթանդիլ Էնուքիձեն, նա չի պատրաստվում հրաժարվել մանդատից

Խորհրդարանը դեռ չի քննարկել մնացած 51 պատգամավորների մանդատներից հրաժարվելու հարցը: Մանդատներից հրաժարվելու դիմում ավելի վաղ ներկայացրել էին քաղաքական հետևյալ միավորումները.

  • «Ուժը միասնության մեջ է-Միացյալ ազգային շարժում» — 36 մանդատ,
  • «Եվրոպական Վրաստան» — 5 մանդատ,
  • «Շինարար ռազմավարություն» — 4 մանդատ,
  • «Լելո» — 4 մանդատ,
  • «Լեյբորիստական կուսակցություն» — 1 մանդատ,
  • «Գիրչի — շատ ազատություն» — 1 մանդատ:

Մանդատներից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել «Գիրչի» (3 մանդատ) և «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» (2 մանդատ) կուսակցությունները, սակայն վերջիներս նույնպես գտնվում են բոյկոտի ռեժիմում: