Վրաստանում լրագրողների նկատմամբ բռնության միջազգային արձագանքը

Օտարերկրյա մի շարք պաշտոնյաներ, դիվանագետներ, արձագանքել են Թբիլիսիում  հեռուստաօպերատոր Ալեքսանդր (Լեքսո) Լաշքարավայի մահվան դեպքին և ևս մեկ անգամ  դատապարտել հուլիսի 5-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բռնությունները, որոնցից տուժել է 5 տասնյակից ավել լրագրող:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդ. «Ես ցնցված եմ Լեքսո Լաշքարավայի ողբերգական մահից: Ցավակցում եմ նրա ընտանիքին և ընկերներին: Լրագրողների և ԼԳԲՏ համայնքի անդամների նկատմամբ բռնությունը միանգամայն անընդունելի է և պետք է դատապարտվի: Հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Կաագ. «Ես ցնցված եմ վրացի օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահից, ով հարձակման էր ենթարկվել հուլիսի 5-ին Թբիլիսիում ծրագրված Արժանապատվության երթի ժամանակ: Ցավակցում եմ նրա ընտանիքին: Լրագրողների նկատմամբ բռնությունն անընդունելի է»:

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչս . «Ցավակցում եմ TV Pirveli- ի օպերատոր Լեքսո Լաշքարավայի ընտանիքին և ընկերներին: Կոչ եմ անում մանրակրկիտ և արդար հետաքննություն անցկացնել նրա մահվան, ինչպես նաև հուլիսի 5-ին տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ: Լրագրողների վրա հարձակումներն անընդունելի են»:

Լիտվայի ԱԳՆ. «Լրագրողների նկատմամբ բռնությունը Վրաստանում ցնցող է և անընդունելի: Իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն հանցագործների դեմ և  անկախ հետաքննություն անցկացնեն Ալեքսանդր Լաշքարավայի ողբերգական մահվան կապակցությամբ: Ցանկացած այլ ուղի անհամատեղելի է Վրաստանի ժողովրդավարական արժեքների հետ»:

ԱՄՆ սենատոր Ջիմ Ռիշ. «Լրագրողների, զբոսաշրջիկների և քաղաքացիական հասարակության վրա հարձակումները պետք է դատապարտվեն: Ես աղոթում եմ պարոն Լաշքարավայի և նրա ընտանիքի համար: Բռնություն կատարած բոլոր անձինք պետք է պատասխանատվություն կրեն` օրենքի շրջանակում: Օրենքի գերակայությունը պաշտպանում է խաղաղ ցուցարարներին, ոչ թե բռնի հանցագործներին: Վրաստանը պետք է ավելի լավը դառնա»:

Եվրախորհրդարանի փոխնախագահ Մարսել Քոլայա. «Վերջերս մենք հաճախ ականատես ենք լինում սարսափելի հարձակումների` լրագրողների և ԼԳԲՏ համայնքի վրա: Իմ մտքերը   Լեքսո Լաշքարավայի ընտանիքի, տուժած լրագրողների և նրանց ընտանիքների հետ  են»:

Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլաս . «Մենք ՝ դիվանագետներս, երեկ հանդիպում ունեցանք ՆԳ նախարարությունում: Մենք մեր խոր հիասթափությունն արտահայտեցինք հուլիսի 5-ին Թբիլիսիում մարդու իրավունքների  զանգվածային խախտումներից: Մենք կառավարությանը կոչ արեցինք պատասխանատվություն ստանձնել և պաշտպանել բոլորին` այդ թվում փոքրամասնություններին, ԼԳԲՏ համայնքին և մամուլին»:

Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարզել. «Այսօր ես տխուր լուր ստացա` հեռուստաօպերատոր  Լեքսո Լաշքարավայի ողբերգական մահվան մասին: Չնայած մենք դեռ սպասում ենք նրա մահվան պատճառների հետաքննության արդյունքներին, ես ուզում եմ կրկնել, որ ԵՄ-ն դատապարտում է բոլոր բռնությունները և վճռականորեն աջակցում է մամուլի և ազատ հավաքների իրավունքներին»: