«Բժշկական ծառայությունների համար մենք սահմանել ենք համավճարի վերին շեմ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թոդուայի նոր վիրաբուժական կլինիկայի բացման միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։
Նրա խոսքով՝ իշխանությունների նպատակն է, որպեսզի քաղաքացիները կարողանան որակյալ բժշկական ծառայություններ ստանալ սեփական երկրում։
«Հատուկ առաջնահերթություն է ուռուցքաբանական հիվանդների բուժումը։ Մենք հանել ենք հակաուռուցքային և քրոնիկ հիվանդությունների դեղամիջոցների սահմանաչափերը, իսկ բժշկական ծառայությունների համար սահմանել ենք համավճարի վերին շեմ, որպեսզի բուժման ծախսը բեռ չդառնա պացիենտի համար։ 2025 թվականից մենք սկսել ենք առաջնային առողջապահության վերափոխումը՝ ուղղված կանխարգելմանը։
Մեր նպատակն է հետևողական քայլերով ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ պետությունը կապահովի մատչելիությունը, իսկ մասնավոր հատվածը՝ ժամանակակից տեխնոլոգիաներն ու կարողությունները, և քաղաքացին վերջնական արդյունքում կստանա որակյալ բժշկական ծառայություն մեր երկրում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ներգրավված են եղել այս նախագծի իրականացման գործում։ Հատուկ շնորհակալություն կլինիկայի ղեկավարությանը, ողջ բուժանձնակազմին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախագծում։ Սա ևս մեկ շատ կարևոր առաջընթաց քայլ է մեր երկրի զարգացման, մեր երկրի բժշկական ոլորտի զարգացման գործում, և ցանկանում եմ հաջողություններ մաղթել ձեզ»,- նշել է վարչապետը։