Վրաստանյան մարտի 8. ծնողներն ընդդեմ կանանց նկատմամբ սեռական բռնության

Վրաստանում շարունակվում է «Բողոքի 100 օր» խորագրով քարոզարշավը, որ մեկնարկել է փետրվարի 11-ին, այն բանից հետո, երբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալեց 24-ամյա տղամարդու, ով 16-ամյա անչափահասի հետ սեռական կապ էր ունեցել: Ոստիկանությունը տղամարդուն ձերբակալեց անչափահասի ինքնասպանությունից հետո:

Այսօր Վրաստանի տասը քաղաքներում կայացավ 1000 ծնողի քայլերթ՝ ընդդեմ կանանց նկատմամբ սեռական բռնության: Ցուցարարները ներկայացրել են իրենց հիմնական պահանջները.

  • Փոխել Քրեական օրենսգրքում բռնաբարության հոդվածը
  • Դատախազությունում ստեղծել որակավորված դեպարտամենտ, որն արդյունավետ կերպով կհետաքննի սեռական բռնության գործերը
  • Սեռական կրթությունը դարձնել ֆորմալ կրթության մաս, ինչի շնորհիվ երեխաները կսովորեն ճանաչել սեռական բռնությունն ու կպաշտպանվեն դրանից
  • Ավելի շատ հոգեբան և սոցիալական աշխատող Վրաստանում
  • Նինիի գործի դատախազի պատասխանատվության հարցը դնել՝ աշխատանքային սառնասրտության համար:

Ցուցարարները Վարդերի հեղափոխության հրապարակից երթով շարժվել են դեպի Վրաստանի կառավարության շենք, որտեղ էլ շարունակել են ցույցը, ներկայացրել պահանջները: Ցուցարար կանայք պատմել են իրենց հետ պատահած սեռական բռնության դեպքերի մասին:

Լուսանկարը՝ Netgazeti-ի

Այս թեմայով՝

Ինքնասպան եղած դեռահասի պապին բռնության փաստով ձերբակալել են

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։