Վրաստանյան զարգացումները ԵԽ–ում․ նախագահը դիմել է ԵՄ առաջնորդներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմը ապրիլի 17-ին նախատեսված Եվրոպական խորհրդի նիստի մասին տեղեկատվություն է տարածել:

Նշվում է, որ Զուրաբիշվիլին դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 17-ի Եվրախորհրդի նստաշրջանում քննարկելու Վրաստանում տեղի ունեցող զարգացումները, «չնայած այն հանգամանքին, որ հարցը նիստի օրակարգում ընդգրկված չէ»։

Ապրիլի 16-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքում, հատուկ նշանակության ջոկատայինները «պղպեղի սփրեյ» են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ: Հանրահավաքի մասնակիցները իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից պահանջում են հետ կանչել «գործակալների օրենքը»։

Օմբուդսմենի հայտարարության մեջ նշվում է, որ «ապրիլի 16-ի ժամը 22:00-ի դրությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է ուժ կիրառել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ»։

Խորհրդարանի ապրիլի 16-ի նիստում ժամը 12:00-ից քննարկվում էր «գործակալների օրենքը»։ Նիստը փակվել է ժամը 21:00-ին, իսկ օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումը կրկին կշարունակվի ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից։

Վրաստանի գործընկեր երկրների և կազմակերպությունների գնահատմամբ՝ «գործակալների օրենքը» կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը, մինչդեռ իշխող կուսակցությունը պնդում է, որ այն եվրոպական է։

2023 թվականի մարտին զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված եղավ հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստացավ չվերադառնալ նախագծին։ «Վրացական երազանքը» օրինագիծը խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Նախագծում նա «օտար ազդեցության գործակալ» տերմինը փոխարինել է «օտար տերության շահերն կրող կազմակերպություն» բառով։