Եկամուտների ծառայությունը՝ պատժամիջոցային բեռների տեղաշարժի վերահսկման մասին

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով հեռուստաընկերություններից մեկի` Վրաստանում պատժամիջոցային ապրանքների տեղաշարժի վերահսկման հետ կապված պատմությանը և պարզաբանել, որ առաջին դեպքը չէ, երբ տեղեկություն է տարածվում, թե, իբր, պատժամիջոցային ապրանքները մտնում են Վրաստան առանց վերահսկողության:

Ըստ եկամուտների ծառայության՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների խիստ հսկողության շրջանակներում մաքսային վարչությունը լրացուցիչ ստեղծել է մաքսային ռիսկերի կառավարման նոր պրոֆիլներ բոլոր այն ապրանքատեսակների համար, որոնք գտնվում են պատժամիջոցների ցանկում։

«Բացի այդ, ԵՄ երկրներից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից և պատժամիջոցներին մասնակից կամ ծագման վկայական ունեցող այլ երկրներից Ռուսաստան կամ այլ երկիր և հակառակը պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ներմուծումը, վերաարտահանումը ենթակա են հատուկ հսկողության: Նաև խստորեն վերահսկվում են Վրաստան ներմուծվող պատժամիջոցային ապրանքների արտահանման դեպքերը, որպեսզի ռուսական կամ պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքներ չհայտնվեն պատժամիջոցներին մասնակցող երկրներում կամ հակառակը։

Այստեղ մենք բացատրում ենք, որ եկամուտների ծառայության ստուգման արդյունքում միջազգային պատժամիջոցները չեն տարածվում պատմության մեջ նշված ընկերության (Mirotorg ընկերություն), բեռների և դրա սեփականատերերի վրա (տեղեկատվությունը հասանելի է բաց աղբյուրների միջոցով): Ելնելով վերոգրյալից՝ մաքսային հսկողության ընթացակարգերի ավարտից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով բեռն անցել է ներմուծման ընթացակարգ։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլորին` զերծ մնալ հանրապետությունում բեռների վերահսկողության վերաբերյալ չհիմնավորված և վնասակար տեղեկատվության տարածումից»,- նշված է հայտարարության մեջ։