Երեկվա օրը համառոտ. ապրիլի 16

Խորհրդարանի շենքի հետևի մուտքի մոտ, որտեղ ընթանում էր բողոքի ցույցը «ռուսական օրենքի» նախագծի ընդունման դեմ, ծեծկռտուք է սկսվել իրավապահների և ցուցարարների միջև։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ, այսպես կոչված, «պղպեղի սփրեյ» է կիրառել․ կան տուժածներ։

Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը կշարունակվի այսօր՝ ապրիլի 17-ին։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը արձագանքել է Վրաստանում կրկին նախաձեռնած օրենքի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի» քննարկմանը։ Նրա խոսքով՝ այդ օրենքի նախագիծը համահունչ չէ դեպի Եվրամիություն Վրաստանի ձգտմանը և կհեռացնի Վրաստանին Եվրամիությունից։

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին իր մտահոգությունն է հայտնել Վրաստանում կրկին նախաձեռնած օրենքի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի» վերաբերյալ։ Նրա կարծիքով` դա բացասական ազդեցություն կունենա ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության վրա։

Եվրախորհրդարանի փոխնախագահ Պինա Պիցերնոն քննադատել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան վերադարձրած «ռուսական օրենքը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերն ապրիլի 15-ին կայացած ճեպազրույցում արդեն երրորդ անգամ մտահոգություն է հայտնել, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը կհարվածի Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և երկիրը կհեռացնի եվրոպական ուղուց:

Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն դատավորի գործառույթ չի իրականացնում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված 14 անձանցից 4-ը ստորագրությամբ ազատ են արձակվել։