Երեկվա օրը համառոտ. հունվարի 12

Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար երկու երկրների սահմանային անցակետով ելումուտը հնարավոր կլինի նույնականացման (ID) քարտերով:

Henley & Partners ընկերության համաշխարհային անձնագրային ինդեքսի վարկանիշում, որը բացահայտում է «ամենաուժեղ» և «ամենաթույլ» անձնագրերը, Վրաստանը 2023 թվականին առաջադիմել է 2 հորիզոնականով և 50-րդ տեղում է։

Վրաստանի կառավարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ՝ միանվագ ֆինանսական օգնություն կտրամադրի այն ուկրաինացի անապահով ընտանիքներին, որոնք երեխաներ ունեն:

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուն Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ վրացի գործընկերոջ՝ Իլիա Դարչիաշվիլիի հետ ունեցած հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։

Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի նախագահ Լևան Սիլագավայի խոսքով, չնայած այն բանին, որ Ռուսաստանը կրկին բարձրացրել է հացահատիկի արտահանման հարկը, այդուհանդերձ մինչև գարուն ալյուրի և հացի թանկացում պետք չէ սպասել։

2015 թվականից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 21-ը 76 հազար 030 մարդ փոխել է քաղաքի հաշվառման հասցեն և հաշվառվել գյուղական բնակավայրերում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ուկրաինացի լրագրող Վասիլ Գոլովանովին տված հարցազրույցում խոսել է Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների և Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքի մասին։