Երեկվա օրը համառոտ. մարտի 3

Մարտի 3-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 619 274-ի: Մեկ օրում արձանագրվել է 3 115  նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 17.77%:

Վրաստանում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման և կառավարման մասին տեղեկություն հաղորդող Stopcov.ge կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրականացվել է 17 527 թեստավորում, այդ թվում՝ 13 948-ը հակագեն, 3 579-ը PCR թեստով։ Երկրում հայտնաբերված վարակի 3 115 նոր դեպքից 1 347-ը Թբիլիսիում է։ Պատկերը մյուս շրջաններում՝ այստեղ: 

Թուրքիայի դեղագործական շուկայից արդեն Վրաստան է ներկրվել 30 անուն դեղամիջոց։ Առաջին փուլում ներկրվում են հիմնականում քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցներ և այդ դեղերի գները գրեթե կիսով չափ նվազել են։ Հատկանշական է, որ այս դեղերն արդեն վաճառվում են մի քանի առցանց դեղատներում: 

Մարտի 2-ին ուշ երեկոյան «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանը պաշտոնական նամակով կդիմի Եվրամիությանը՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Արդեն երեկ՝ մարտի 3-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ուղիղ եթերում ստորագրեց Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակի դիմումը։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ սա պատմական օր է Վրաստանի համար։ 

Ըստ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի՝ «ստորագրելով ԵՄ-ին անդամակցության դիմումը՝ Վրաստանը թևակոխեց Վրաստանի պետական ​​զարգացման վճռորոշ շրջան և նոր էջ բացեց Վրաստանի պատմության մեջ»:

Զալկալիանիի խոսքով՝ Վրաստանն անցել է իսկապես երկար, դժվարին, նույնիսկ դարավոր ճանապարհ՝ այդքան մոտ լինելու նախնիների՝ վրաց ժողովրդի նվիրական երազանքին։

Վրաստանում գործող մի շարք ազդեցիկ հասարակական կազմակերպություններ (ՀԿ) նշում են, որ Եվրամիությանը միանալը կպահանջի երկրում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և դատական ​​անկախության փոփոխություն: Ըստ նրանց՝ հենց այս ոլորտներում վերջին տարիներին հետընթաց է զգացվում։ 

«Ինչ էլ անի կառավարությունը, նա պետք է վերադառնա Շառլ Միշելի համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, որում նախանշված բարեփոխումները երկիրը պետք է կատարի այս ճանապարհին, դա միանգամայն պարզ է», — ճեպազրույցի ժամանակ ասել է «Բաց հասարակության հիմնադրամներ — Վրաստանի» ղեկավար Քեթի Խուցիշվիլին:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ կբացվի գանձապետական ​​հաշիվ, որտեղ քաղաքացիները կկարողանան գումար փոխանցել Ուկրաինային օգնելու համար։ Քաղաքապետի խոսքով՝ Թբիլիսիում արդեն կան վայրեր, որտեղ քաղաքացիները կարող են Ուկրաինայի համար մարդասիրական օգնության թողնել։ 

Վրաստանի նախագահի աշխատակազմը խորհրդարանին տեղեկացրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ 2022 թվականի մարտի 5-ին խորհրդարանին տարեկան հաշվետվություն ներկայացնելու որոշման մասին։ 

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալում ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն «Լուգանսկի և Դոնեցկի պաշտպանության համար ռազմական գործողություններ սկսելու Վլադիմիր Պուտինի որոշման»։ Ակցիան կազմակերպել է Հարավային Օսիայի դե ֆակտո իշխող «Եդինայա Օսեթիա» կուսակցությունը։ Օսական «Ռես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանրահավաքին ներկա է եղել ավելի քան հազար մարդ։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքով՝ աշխարհի 38 երկրներ, դիմել են Միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։ Հատկանշական է, որ այդ երկրների թվում է նաև Վրաստանը։

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով, Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունի նաև այն փաստը, որ Վրաստանը 38 երկրների հետ միասին դիմել է Միջազգային քրեական դատարան՝ հետաքննելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում կատարված հանցագործությունները։

Վրաստանի Հակակոռուպցիոն շարժումը պաշտոնական նամակ է ուղարկել Վրաստանի կառավարությանը՝ Եվրամիության առաջ ունեցած պարտավորության համաձայն` Ռուսաստանի համար իր օդային տարածքը փակելու պարտավորության պահանջով։ 

Ժողովրդավարության հետազոտությունների համաշխարհային «Ժողովրդավարության բազմազանություն» (V-DEM) կենտրոնի հրապարակած հետազոտության տվյալներով` Վրաստանն աշխարհի 179 երկրների թվում ժողովրդավարացման 10 տարվա առաջընթացով լավագույն տասնյակում է։

Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետ կապված ռուսական ապատեղեկատվություն է տարածվում  Facebook-ում և Instagram-ում: Այս մասին հաղորդում է Վրաստանի փաստերի ստուգման հարթակը (Factcheck.ge) ու նշում, որ սկսել են պայքարել Facebook սոցիալական հարթակում ռուսական պրոպագանդայի դեմ և 2 օրում 100-ից ավելի նյութի տարածում սահմանափակել։

Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության՝ հաշվի առնելով քաղաքացիների տեղաշարժն ու կենտրոնացումը՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Լվովում ստեղծել լրացուցիչ հյուպատոսական կենտրոն՝ քաղաքացիներին աջակցելու համար: Նշվում է, որ Վրաստանի քաղաքացիները օգնության համար պետք է դիմեն ներկայացուցչություն՝ հայտնելով, թե որ երկրում են ներկայումս գտնվում։

Երեկ Վրաստանում նշվում էր մայրության օրը: Մայրության օրը մարտի 3-ին նշելու որոշումը կապված է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հետ:

180 տարի առաջ, մարտի 3-ին Թբիլիսիի հինավուրց տներից մեկում ծնվել է հայտնի թբիլիսահայ բարերար, նավթային մագնատ, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ալեքսանդր Մանթաշևը (Մանթաշյանցը)՝ իր կարգավիճակով ազնվականներին հավասար առևտրականի ընտանիքում: Սովորելով հայտնի մտավորական և հայրենասեր Գալուստ Փափազյանի մասնավոր հնգամյա դպրոցում, Ալեքսանդրն ընդունվում է առևտրային ուսումնարան, որն ավարտելուց հետո ազատ տիրապետում է հայերենին, ռուսերենին և վրացերենին: