Երեկվա օրը համառոտ. մարտի 7

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները վրաց-հայկական «Սադախլո» մաքսային անցակետում, կասկածի հիման վրա, օտարերկրյա քաղաքացու վարած բեռնատարի մանրամասն զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ապրանքներ, մասնավորապես՝ տարբեր սորտերի 10 հազար 095 հատ բույս։

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Հանրային հիմնարկներում աշխատանքի վարձատրության մասին» օրենքի նախագիծը։ Ըստ փոփոխության՝ ավելանալու են պետական ​​ու քաղաքական պաշտոնյաների աշխատավարձերը։

Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 8-ից:

Ադրբեջանի հետ ցամաքային փակ սահմանի պատճառով Վրաստանը կորցրել է 1,5 մլն զբոսաշրջիկ և 400 մլն դոլար:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, իշխող «Վրացական երազանք»  կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Ռուսաստանի շահերի մերձեցման «որոշ նշաններ կան», թեև, ըստ նախագահի՝ դա կարող է լինել «զգուշավորություն» կամ «անձնական մտածելակերպի դրսևորում»:

Քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեն հայտնել է, որ մարտի 6-ին Դիղոմի գյուղում, որտեղ ժամանել է երկու այլ ակտիվիստի հետ, մոտ 10 հոգի հարձակվել են իր վրա։