Երեկվա օրը համառոտ. մայիսի 30

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի նստավայրում ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարություններով, ավելին՝ այստեղ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի օրվա կապակցությամբ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն Իսրայել սկսվել է վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպմամբ։

Մայիսի 30-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկա է գտնվել Հորդանան գետի մոտ՝ Փրկչի մկրտության վայրին կից հողատարածքը Վրաստանին հանձնելու պաշտոնական արարողությանը։

Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելի խոսքով, ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ կհրապարակվի Եվրահանձնաժողովի գնահատականը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ։ 

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նորընտիր նախագահ Ալան Գագլոևն ասել է. «Մենք կարող ենք բանկից պարտք վերցնել՝ հանրաքվե անցկացնելու համար, եթե Ռուսաստանը պատրաստ է մեզ ընդունել որպես իր մաս»: Նրա խոսքով, Ցխինվալիում հանրաքվեի անցկացումը կարժենա 32,5 միլիոն ռուսական ռուբլի (մոտ կես միլիոն դոլար)։

«Փոփոխությունների ժամանակն է» շարժումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ բողոքի ակցիա-ներկայացում է անցկացրել՝ «Համընդհանուր համաձայնագրի գաղափարը դարակում մի դրեք» խորագրով։

Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վրաստանի ամենահին հիդրոէլեկտրակայանը՝ Զահեսին (Zahesi) հրդեհվել է:

Վրաստանում տարեսկզբից ի վեր արտասահմանյան բանկային քարտերից ծախսվել է 1,1 մլրդ լարի (380 մլն դոլար)։ 

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից վերաարտահանվել է 379,9 մլն դոլարի արտադրանք, ինչը մոտ 20,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Աշխատանքի որոնման jobs.ge-ում թափուր աշխատատեղերի թիվը տարեկան ավելացել է 81 տոկոսով։ 

Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 1 ԱՄՆ դոլարի արժեքը այսօրվա առուվաճառքի արդյունքում դարձել է 2,9546 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,1833 լարի։ 

Մայիսի 30-ին, Երևանում ընթացող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի  առաջնությունում Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանը հաղթանակ է տարել Իսպանիան ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ և դարձել եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ։

Եվ վերջում՝ Վրաստանում մինչև հունիսի 6-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին առանձին շրջաններում, առավելապես գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: