Երևանում ցույցեր են. ԱԺ-ն ընդունել է վիճահարույց նախագիծը

Երևանում այս պահին բողոքի ցույցեր են ընթանում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել Ազգային ժողովի մոտ, այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` պատգամավորները հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, արտահերթ նիստ են գումարել:

Նիստն արդեն կայացել է,  67 կողմ ձայնով ընդունվել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, թե այդ նախագիծն արտահերթ ընտրությունների դեմ չէ: «Այս օրենքը նրա համար էր, որպեսզի Ազգային ժողովը կարողանա իր սահմանադրական լիազորությունները կատարել»,- շեշտել է նա:

Նշենք նաև, որ խորհրդարանում քվեարկությունը անց է կացվել ձեռքերով, քանի որ, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը և պատգամավոր Հայկ Կոնջորյանը պատգամավորների քարտերը հանել էին քվեարկության սարքերից:

Հավելենք, որ այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերին:

Այս պահին ԱԺ-ի հարակից տարածք են ժամանում հարյուրավոր քաղաքացիներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս քիչ առաջ միացավ նրանց։

Ալիք մեդիան տեղից հետևում է իրադարձությունների զարգացմանը։