Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում է

serjԴեկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի։ Սերժ եւ Ռիտա Սարգսյաններին դիմավորելու պաշտոնական արարողության ընթացքում, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին ուղեկցում էին Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուան, առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, Նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գիորգի Թաբուաշվիլին, նախագահի՝ արտաքին գործերի քարտուղար Թենգիզ Փխալաձեն, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն և կոմունիկացիայի դեպարտամենտի ղեկավար Սոփիկո Ջաջանաշվիլին։

Վրաստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ նախագահ Մարգվելաշվիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Վրաստան է հրավիրել հաջորդ տարի` Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյակի կապակցությամբ։

serj2«Վրաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ խոսվել է երկկողմ քաղաքական համագործակցության և հարաբերությունների զարգացման հարցերի վերաբերյալ, ընդգծվել է Սերժ Սարգսյանի այցի կարևորությունը։ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ գործընկերության վերաբերյալ համաձայնագիրը։ Հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահը խոսել է բռնագրավված տարածքներում առկա իրավիճակի և Ռուսաստանի ապօրինի գործողությունների մասին։ Երկու երկրների նախագահները նշել են, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերություններ տարբեր աշխարհաքաղաքական ուղղություններ ունեցող երկրների համագործակցության լուսավոր օրինակ է»,- ասվում է Վրաստանի նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։

Երկկողմ հանդիպումից հետո երկու երկրների նախագահները խոսքով են հանդես եկել։ Վրաստանի նախագահի նստավայրում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը Գիորգի Մարգվելաշվիլիի հետ ունեցած բանակցությունները արդյունավետ է գնահատել։

aaa«Բարձր եմ գնահատում Վրաստանի նախագահի հետ մեր արդյունավետ բանակցությունները, որոնք, վստահ եմ, նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին: Մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել բարեկամության, փոխըմբռնման և ներդաշնակության ոգով Վրաստանի հետ առկա համագործակցությունը խորացնելու մեր պատրաստակամությունը: Շահագրգռված ենք պահպանել բարձր մակարդակի փոխայցերի ակտիվությունը, որը զարկերակի դեր է կատարում երկուստեք պայմանավորվածությունները կյանքի կոչելու, ինչպես նաև նոր ծրագրեր նախանշելու համար»,- ասել է Սարգսյանը։

Վերջինս նաև հավելել է, որ վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները ազատ առևտրային գոտիների օգտագործմամաբ և բոլոր կազմակերպությունները, որոնք կգրանցվեն Հայաստանում, կկարողանան օգտակար գործունեություն ծավալել։

yntriqԱվելի ուշ, Վրաստանի նախագահի հրավերով պաշտոնական ընթրիքի ընթացքում երկու երկրների նախագահները հանդես են եկել բաժակաճառերով:

Նախագահական նստավայրից Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը ուղեւորվել է Հովհաննես Թումանյանի տուն գիտական-մշակութային կենտրոն` Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման:

Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի: ՀՀ նախագահը այցելելու է Թբիլիսիի սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցի, ծաղկեպսակ է տեղադրելու Թբիլիսիի Հերոսների հրապարակում:

Թողնել պատասխան