Նաթիա Թուրնավան անցած տարի ստացել է 392 հազար 700 լարի աշխատավարձ

Վրաստանի ազգային բանկի նախագահի պաշտոնակատարի աշխատավարձն աճել է մինչև 392 հազար 689 լարի, ինչը 43,6 հազար լարիով գերազանցում է 2024 թվականին ստացած եկամուտը։ Նաթիա Թուրնավան լրացրել է գույքային հայտարարագիր, որտեղ նշել է իր ունեցած ակտիվները, նաև 2025 թվականին ստացած եկամուտներն ու կատարած ծախսերը։

Ըստ հայտարարագրի՝ Նաթիա Թուրնավան տիրապետում է մի քանի անշարժ գույքի։ Դրանց թվում է Թբիլիսիի Ի. Ճավճավաձեի պողոտայում գտնվող 130,79 քմ մակերեսով բնակարանը, որը նրան է փոխանցվել 2003 թվականին որպես նվիրատվություն։ Թուրնավայի սեփականությունն է Բաթումիում գտնվող 33,03 քմ մակերեսով բնակարանը, որը նույնպես նվեր է ստացել 2020 թվականին։ 2024 թվականին նա 50 տոկոս բաժնեմաս է ձեռք բերել Բակուրիանիում գտնվող բնակելի տանը՝ 199 քմ մակերեսով օբյեկտը գնելով 123 հազար 710 լարիով։ Նույն թվականին Բակուրիանիում 1500 ԱՄՆ դոլարով գնել է նաև ավտոտնակ։ Նա նաև տիրապետում է 1745 քմ մակերեսով հողատարածքի Արաշենդա գյուղում։

Նաթիա Թուրնավայի ամուսինը՝ Դավիթ Վեշապիձեն, բազմաթիվ հողատարածքներ ունի Սաչխերեի և Լագոդեխիի մունիցիպալիտետներում, նաև կառուցվող տուն Թբիլիսիի Ռևազ Ջափարիձեի I նրբանցքում (561,8 քմ ընդհանուր մակերեսով), որը ձեռք է բերել 2015 թվականին՝ 100 հազար ԱՄՆ դոլարով։ 2024 թվականին Վեշապիձեն Թբիլիսիի Վերին Վակե թաղամասում 252 հազար 300 լարիով գնել է 261 քմ մակերեսով հողատարածք, իսկ 2022 թվականին 40,72 քմ մակերեսով բնակարան Բաթումիում՝ 69 հազար 880 լարիով։

Նաթիա Թուրնավայի ամուսնու՝ Դավիթ Վեշապիձեի անունով 2025 թվականին գրանցվել է Lexus RX500H մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 54 հազար դոլարով և այլն։