Վերին Լարսի անցակետում մեծ թվով բեռնատարներ շարունակում են սպասել հերթում, մինչդեռ բեռը փչանում է

Մի քանի հարյուրի հասնող թարմ պտուղ բանջարեղենով բեռնված մեքենաներ օրեր շարունակ վրաց-ռուսական «Կազբեգի- Վերին Լարս» հսկիչ անցակետում սպասում են սահմանը հատելու իրենց հերթին, մինչդեռ բեռնախցիկներում բեռը փչանում և անպիտան է դառնում։

Թարմ մրգի և բանջարեղենի արտահանմամբ զբաղվող Հայաստանի առաջատար բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը «Ալիք մեդիային» ասում է, որ սահմանին աշխատանքի կազմակերպումը պատշաճ և սեզոնային ակտիվացմանը համահունչ չի կատարվում, բավականին մեծ հերթեր կան, ինչի հետևանքով իրենց ընկերության բեռնատարները 2-4 օր կանգնում են սահմանին։

«Խնդիրներ կան երկու կողմերում էլ։ Վրացական կողմում կարծես համակարգչային խնդիր է, կուտակումներն առավելապես ռուսական կողմի աշխատանքի հետևանքով են, քանի որ շատ դանդաղ են աշխատում և նախապատվությունը տալիս են զբոսաշրջիկներին»,-ասում է Բաղդասարյանը՝ նշելով, որ նախկինում մեքենաներն ամենաշատը վեց ժամ էին սպասում, իսկ արդեն մեկ օրից ավել կանգնելու դեպքում բեռնատարների ամբողջ ապրանքը փչանում է։

Ժամեր առաջ համացանցում տարածված տեսանյութում՝ Հայաստանից ուղևորված վարորդները դժգոհում էին՝ նշելով, թե վրացական կողմից անտեսելով հսկայական հերթը, մոտ 200 մեքենա հետո կանգնած վրացական համարներով մեքենաներին առաջ են բերում և անցկացնում։

Մինչդեռ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Խատիա Մոիսծրափիշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում հերքեց խտրականության փաստը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության հետ համաձայնություններն անընդհատ ակտիվ են, սակայն, 400-500 բեռնատարի փոխարեն 24 ժամվա ընթացքում ռուսական անցակետը կարողանում է սպասարկել մինչև 300 բեռնատար (օրեր շարունակ այս թիվը ընդամենը 240 էր):

«Մենք շարունակ այլընտրանքային սխեմաներ ենք առաջարկում ռուսական կողմին, մեզ համար ևս ցավալի է այս վիճակը, սակայն, փաստ է, որ դեռևս մենք չունենք այլընտրանք և մեզ ուրախացնում է, որ անցնող մեքենաների թվաքանակը, համեմատած նախօրդ օրերի հետ, ավելացել է: Եվս մեկ անգամ նշեմ, որ այս ամենը կատարվում է ռուսական կողմի հետ համաձայնեցված, թեև այս շրջանի համար դա շատ ցածր ցուցանիշ է», — նշում է Խատիա Մոիսծրափիշվիլին:

Այն հարցին, թե ի՞նչ է սպասվում «գերի ընկած» վարորդներին, ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հույս հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում ռուսական կողմի հետ համաձայնության կգան և այս հարցին լուծում կտան, թեև զբոսաշրջության հետ կապված, այս ժամանակահատվածի համար բնորոշ են նման սահմանափակումները:

«Ալիք մեդիայի» նկարահանող խումբն ուղևորվել է վրաց-ռուսական սահման՝ տեղում պարզելու իրավիճակը։ Շարունակեք հետևել «Ալիք մեդիային», առաջիկայում կլինեն նաև ուղիղ միացումներ։

Թողնել պատասխան