Ապրիլի 21-ի վրաստանյան մամուլի տեսություն

Ապրիլի 21-ին վրացական մամուլում առավելապես խոսվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի մասին, որտեղ վարչապետը հայտարարել էր. «Մենք այն պետությունը չենք, որտեղ մարդկանց ապօրինաբար բանտ են նետում, ինչը տեղի էր ունենում մի քանի տարի առաջ»: Կվիրիկաշվիլիի խոսքով, Վրաստանը եվրոպական այն երկիրն է եղել, որն ամենաշատ բանտարկալներն է ունեցել բնակչության թվաքանակի համեմատ: Կառավարության ղեկավարի համաձայն, 2013 թվականից մինչ օրս երկրում իրականացվել է 3 հիմնական բարեփոխում. «Մենք Վրաստանի առաջին իշխանությունն ենք, որից ժողովուրդը չի վախենում: Սա ամենամեծ նվաճումն է, ինչի համար առավել հպարտ ենք, սակայն ինձ համար ամոթալի է, որ օրենքի գերակայությունը չի գործում Վրաստանի օկուպացված տարածքներում: Այսուհանդերձ մենք իրականացնելու ենք մեր նպատակները ուժերի ներածի չափով»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Վարչապետը նաև ասել է, թե Վրաստանը մասամբ օկուպացված և ամբողջովին Եվրոպական է: Կառավարության ղեկավարը Թուրքիայի ներկայացուցչի հարցին ի պատասխան հայտարարել է, որ Վրաստանը մահմեդական մեցխեթցիների վերաբերյալ պարտավորություններն իրականացրել է: «Հայրենադարձի կարգավիճակ է ստացել արդեն 1.533 բռնի տեղահանված անձ, այդ թվում 479 ադրբեջանի քաղաքացի, ովքեր արդեն ստացել են Վրաստանի քաղաքացիություն: Այս գործընթացը դեռևս շարունակվում է»- հայտարարել է վարչապետը:

Անդրադառնալով Վրաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ որոշել են Վրաստանի պատմության մեջ ամենաարդար և ազատ ընտություններն անցկացնել: Ինչպես նշել է վարչապետը, վրացական կողմը արդեն հրավեր է ուղղարկել ԵԱՀԿ ԺՄԻԳ-ին, այս տարվա նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար: Վարչապետը նաև անրադարձել է Վրաստանում խոսքի ազատության վիճակին և Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում հնարավոր հանրաքվեին: Այս եւ թեմային վերաբերող այլ նյութեր հրապարակեցին վրացական մամուլի մեծ մասը:

Խոսվեց նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի Ֆրանսիայում ընթացող պաշտոնական այցի մասին: Մասնավորապես «kvira.ge» պարբերականը փոխանցեց, որ Մարգվելաշվիլին ապրիլի 21-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Հանդիպումից հետո Վրաստանի նախագահը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես տեսա Վրաստանին ավանդաբար սատարող նախագահի, ով շարունակում է աջակցել Վրաստանի կայունությանը և շահերին»: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Վրաստանի Եվրոպական և Եվրատլանտյան կառույցներում ինտեգրման մասին: Ֆրանսիական կողմը նշել է մինչ այս Վրաստանի կողմից ձեռք բերված արդյունքները, ինչպես վիզայի ազատականեցման, այնպես էլ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ Վրաստանի նախագահի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերարդ Լարշերի հետ: Նախագահի պաշտոնական այցը կավարտվի ապրիլի 23-ին

Վրաստանյան մամուլը տեղեկացրեց նաև, որ ուժգին քամիները Քոբուլեթիում էլեկտրահաղորդակցման լարեր են վնասել, ինչի արդյունքում տարածքի շուրջ 4 հազար բնակիչ զրկվել է էլեկտրաէներգիայից: Այս մասին հաղորդել է «Աջարիա» հեռուսատալիքը: Քամու ուժգնությունը ափամերձ շրջաններում հասել է մինչև 24 մ/վ-ի, տապալվել են ծառեր, ինչի պատճառով Բուկնարի գյուղում փակվել են ճանապարհները; Ըստ տեղեկությունների` գյուղերում տների տանիքներ են վնասվել: Համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով` տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով: Ուրբաթ օրը սպասվում է ուժեղ քամի և հորդառատ անձրև սևծովյան ափամերձ շրջաններում փոթորիկը կարող է հասնել մինչև 5 բալի, իսկ մայրաքաղաքում քամու ուժգնությունը կարող է հասնել մինչև 28 մ/վ: Եղանակը կտաքանա միայն ապրիլի 26-ից հետո:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին բնակարաններ է հանձնել 150 զինծառայողների: «1000-ից ավելի զինվոր ունենք, ովքեր չեն ստացել բնակարաններ: Իմ պաշտոնավարման ընթացքում մոտ 400 զինծառայող բնակարան է ստացել: Մայիս-հունիս ամիսներին նախատեսում ենք 200-ից ավելի բնակարանների փոխանցում եւս: 2017 թվականին հնարավոր կլինի ավարտին հասցնել մեր կողմից ստանձնած պարտավորությունը»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը: Զինծառայողներին բնակարանները հանձնվել է ուղիղ վաճառքի՝ խորհրանշական 1 լարիով:

«Վրաստանը Աստծո պարգև է և ես անհամբեր սպասում եմ, որպեսզի Վրաստանը և Կորեայի հանրապետությունը աշխատեն միմյանց հետ»- այս մասին հայտարարել է Վրաստանում գտնվող Կորեայի հանրապետության Ազգային Ասամբլեայի ղեկավար Չունգ Ուի Հվաս Դա Կիմ Նամ Հենը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլիի հետ հանիպումից հետո: Կորեայի հանրապետության օրենսդիր մարմնի նախագահը հույս է հայտնել, որ Վրաստանը կգրավի ողջ աշխարհի ուշադրությունը և օրինակելի երկիր կդառնա: Կորեացի պաշտոնյան նաև պատրաստակամություն է հայտնել, իր երկրի փորձով կիսվելու հարցում: Խոսելով Դավիթ Ուսուփաշվիլիի մասին, Նամ Հենը ասել է, թե տպավորված է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից:

Վրացական մամուլը գրեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի մասին: «kvira.ge» պարբերականի փոխանցմամբ, Լավրովին Երևան է հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էվարդ Նալբանդյանը: Այցի հիմնական նպատակը, ըստ պարբերականի, Լեռնային Ղարաբաղում հակամարտությանն է վերաբերել: Հղվելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարությանը, «kvira.ge»-ն գրում է, որ այցի շրջանակներում Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Հայաստանի իր գործընկերոջը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ ասված է նաև, թե Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համընկնում են: Մոսկվան ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար հիմնական տնտեսական գործընկերն է:

2016 թվականի գլոբալ զարգացման ինդեքսի համաձայն, Վրաստանում պետական կառավարման առումով առաջխաղացում կա: 2012 թվականին Վրաստանը զբաղեցրել է 51-րդ տեղը, 2014-ին 40-րդ, իսկ այս տարի, Վրաստանը ավելի է բարելավել դիրքերը` զբաղեցնելով 39-րդ հորիզոնականը:

Եվ վերջում սպորտի մասին: Վրաստանցի ձյուդոիստ Վաժա Մարգվելաշվիլին դարձել է Եվրոպայի չեմպիոն: Նա եզրափակիչում հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Կոլին Օատեսսին

Թողնել պատասխան