Մառնեուլիի արդեն նախկին գամգեբելին վերջին տարվա ընթացքում 5 բնակարան է գնել Թբիլիսիում

Մառնեուլիի նախկին գամգեբելի Մերաբ Թոփչիշվիլին, ով երկու ամիս առաջ լքել է պաշտոնը, վերջին մեկ տարվա ընթացքում 5 բնակարան է գնել Թբիլիսիում, 4 ավտոկայանատեղի և 1 կոմերցիոն տարածք, որի համար ընդհանուր առմամաբ վճարել է 177 հազար 388 ԱՄՆ դոլար:

Մերաբ Թոփչիշվիլին Մառնեուլիի գամգեբելիի պաշտոնում ընտրվել է իշխող «Վրացական երազանք»-ից, 2014 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Պաշտոնը թողել է սեփական դիմումի համաձայն՝ ընթացիկ տարվա օգոստոսի 14-ին:

2016 թվականի նոյեմբերի 12-ին, Թբիլիսիի Դիղոմի թաղամասում 144 քառակուսի մետր կոմերցիոն տարածք է գնել, որի համար վճարել է 50 հազար 300 ԱՄՆ դոլար: Այդ տարածքը վարձով հանձնել է ութ տարի ժամկետով:

2017 թվականի մարտի 7-ին, նույն տարածքում գնել է կառուցվող 5 բնակարան, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 378 քմ, իսկ արժեքը կազմում է 124 հազար 488  լարի: Միևնույն օրը գնել է նաև 4 ավտոկայանատեղի, որի համար վճարել է 3600 ԱՄՆ դոլար:

Դրա հետ մեկտեղ, հանրային ռեեստրի համաձայն, 2015 թվականին Մերաբ Թոփչիշվիլին փոխանակմամբ Գուդաուրիում ձեռք է բերել 781 քմ գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի արժեքը կազմել է 51 հազար 100 դոլար:

2015 թվականի օգոստոսին, Մառնեուլիի նախկին գամգեբելիի կինը՝ Թամար Բուրդուլին, 3 տարվա վճարման ժամկետով ձեռք է բերել Toyota Prado մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը կազմել է 79 հազար 506 լարի:

Թոփչիշվիլիի վերջին հայտարարագրում նշված է, որ նա նաև 30 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար ունի:

Մերաբ Թոփչիշվիլին գամգեբելիի պաշտոնում աշխատելու ժամանակ, 2016 թվականին 39 հազար 750 լարի աշխատավարձ է ստացել (այստեղից 7950-ը որպես պարգևավճար), 2015-ին՝ 50 հազար 350  լարի (18 հազար 550 լարի որպես պարգևավճար): Միևնույն տարիներին, Թամար Բուրդուլիի բիզնես եկամուտները ընդհանուր առմամբ կազմել են 3500 լարի:

Նշենք, որ Մերաբ Թոփչիշվիլին Մառնեուլիի գամգեբելի է ընտրվել «Վրացական երազանք»-ի ներկայացված ցուցակով: Չնայած ընտրություններից օրեր առաջ, կուսակցության «խնդրանքով» ինքնաբացարկ է հայտարարել, սակայն քանի որ թեկնածություն հանելու ժամանակը անցած է եղել, նրա անունը մնացել է ընտրական քվեաթերթիկներում: Այսպիսով Թոփչշվիլին ստացել է ընտրողների 51.08 տոկոսի վստահությունը:

Լուսանկարը՝ Մառնեուլիի գամգեոբայի պաշտոնական էջից

Թողնել պատասխան