Մարգվելաշվիլի. Հարավային Օսիայի վերանվանման հանրաքվեն լեգիտիմ չէ

«Ցխինվալիի շրջանի օկուպացված պայմաններում չի կարելի անցկացնել հանրաքվե, ընտրություններ կամ այլ գործողություններ, որոնք ենթադրում են ազատ կամքի արտահայտում»: Այսպես է մեկնաբանել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանրաքվե անցկացնելու՝ Հարավային Օսիայի նախագահի հայտարարությանը: Նախօրեին, Լեոնիդ Թիբիլովը 2017-ի ապրիլի 9-ը նշանակեց Հարավային Օսիան` Հարավային Օսիա-Ալանիա հանապետություն անվանակոչելու հանրաքվեի օր: Հանրաքվեն պետք է անցնի նախագահական ընտրությունների օրը: Թիբիլիովի խոսքերով՝ «պետությունը պետք է կրի նախնիների հինավուրց անունը»:

Վրաստանի նախագահն ի պատասխան ասել է, թե այն տարածքում, որտեղից տեղահանվել է բնակչության մեծ մասը, որն օկուպացված է, որտեղ էթնիկ զտումներ են իրականացվել և որի միակ ուժը ՌԴ-ն է,  չի կարելի ազատ կամքի դրսևորման որևէ գործողություն ձեռնարկել, և առանց վրաստանյան իշխանությունների կամքը հարցնելու օկուպացված տարածքի անունը փոխելու յուրաքանչյուր փորձ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն է:

Ցխինվալին, ինչպես և Աբխազիան չի վերահսկվում Վրաստանի իշխանության կողմից: Մոսկվան ընդունել է այս տարածքների անկախությունը՝ 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո, ի պատասխան Թբիլիսին խզել է դիվանագիտական հարաբերությունները ռուսական կողմի հետ՝  նշված տարածքներին տալով օկուպացված կարգավիճակ:

2008-ից մինչ օրս` Հարավային Օսիան, որպես անկախ պետություն ճանաչել են միայն ՌԴ-ն, Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն: Ըստ Ցխինվալիի իշխանությունների կողմից 2015-ին անցկացված մարդահամարի՝ Հարավային Օսիայում ապրում է 50 հազար մարդ, որոնցից 30 հազարը՝ Ցխինվալիում:

2008-ի վրաց-ռուսական պատերազմից հետո Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանին ՌԴ-ի սահմանապահ կառույցների կողմից ստեղծվել է 20 սահմանապահ ներկայացուցչություն: Սահմանը ըստ ՌԴ-ի և Հարավային Օսիայի համատեղ պայմանվորվածության՝ հսկվում է 900 սահմանապահի կողմից:

Թողնել պատասխան