Ֆրանսիայում Վրաստանի 8 քաղաքացու են ձերբակալել

Վրաստանի 8 քաղաքացի, որոնք Ֆրանսիայում գործող կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամ են, ձերբակալվել են Փարիզում: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Դավիթ Լացաբերիձեն։

Նրա խոսքով, հանցագործները ձերբակալվել են Ֆրանսիայի ոստիկանության՝ Վրաստանի ՆԳՆ քրեական դեպարտամենտի հետ համագործակցության շրջանակներում:

«Քրեական խմբավորումների ձերբակալված անդամները մեղադրվում են խմբակային կողոպուտների իրականացման եւ գողոնը թաքցնելու մեջ: Ֆրանսիական եւ վրացական իրավապահ մարմինների համատեղ հետաքննությունը պարզել է, որ նախորդ տարվա մարտ ամսվանից մինչեւ այսօր քրեական խմբավորման անդամները Ֆրանսիայում բազում կողոպուտներ են իրականացրել»,- ասել է Լացաբերիձեն:

Վրաստանի քաղաքացիների տներում խուզարկման ընթացքում իրավապահ մարմինները հայտնաբերել են գողացված բջջային հեռախոսներ, համակարգիչներ, ոսկյա զարդեր, թմրանյութեր, վրացական եւ ֆրանսիական բանկային քարտեր ինչպես նաեւ գումար:

Լացաբերիձեն նաեւ հայտնել է, որ ձերբակալվածները կապված են եղել Ֆրանսիայում գործող վրացի «օրենքով գողի» հետ։

Հարկ է նշել, որ կազմակերպված հանցագործության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով Վրաստանի ՆԳՆ-ն առաջիկայում ծրագրում է ուժեղացնել ատաշեի ինստիտուտը: Այս նպատակով Վրաստանի ներքին գործերի նախարարը ծրագրում է աշխատանքային ացով մեկնել ԵՄ մի քանի երկիր:

Թողնել պատասխան