7 ամիս անց Էրդողանը ցավակցում է խոցված ՍՈՒ-24-ի օդաչուի ընտանիքին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ներողություն է խնդրել` անցյալ տարվա նոյեմբերին ռուսական զինվորական ուղղաթիռի խոցման առիթով:

Այս մասին հայտնում են միջազգային մի շարք լրատվամիջոցներ` վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի տեղեկատվությունը: Ավելի ուշ Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրվեց նամակը: Մամուլը գրում է, որ այս մասին հաղորդագրությունը անսպասելի էր: Էրդողանի նամակում մասնավորապես ասված է. «Ուզում եմ մեկ անգամ ևս իմ ցավակցությունը հայտնել մահացած ռուս օդաչուի հարազտներին և ասել. Կներեք:  Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիք»:

Էրդողանը նաև ավելացրել է, որ Անկարան պատրաստ է այս ցավը և հասցված վնասը թեթևացնելու` ցանկացած առաջարկության: Տեքստում նշվում է, որ թուրքական կողմը հետաքննություն է վարում Թուրքիայի քաղաքացու նկատմամբ, ում անունը շրջանառվում է ռուս օդաչուի մահվան գործով: Ռուսական НТВ հռուստաընկերությունը եզրակացնում է, որ այս կերպ թուրք առաջնորդը կատարեց Պուտինի բոլոր 3 պահանջները(Միջադեպին անմիջապես հետևել էր Պուտինի հայտարարությունը, թե Մոսկվան սպասում է թուրքական իշխանության ներողությանը, վնասի փոխհատուցմանը, մեղավորներին պատժելուն: 7 ամիս անց` Էրդողանը քայլ է անում):

Թուրքական կողմն արդեն հաստատել է նամակի իրողությունը: Միաժամանակ երկու պետությունների քաղաքական գործիչները սկսել են ակտիվորեն քննարկել Էրդողանի ներողամտության նամակը: Ռուս պաշտոնյաները համոզմունք են հայտնել, որ հարաբերություններիի նախկին մակարդակը վերականգնելը հեշտ չի լինելու: Սա վերաբերում է առաջին հերթին Թուրքիա զբոսաշրջային հոսքին, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում թուրքական շինարարական բիզնեսին: Թուրք պաշտոնյաներն այս հարցում ավելի լավատես են:  Վարչապետ Բինալի Յիլդիմիրը հարց է տալիս` ինչու չհարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և պատասխանում է` ռուս և թուրք ժողովուրդներն ուզում են դուրս գալ այս ճգնաժամից, իշխանությունները պետք է ընդառաջեն իրենց քաղաքացիների կամքին: Նա նաև վստահեցրել է, որ երկկողմ բանակցությունների հրաշալի արդյունքների մասին իրենք կհայտնեն առաջիկայում: Իսկ Պաշտպանության նախարար Ֆիկրի Ըշիկը մեծ առաջընթացի հույսեր ունի` « մենք լուրջ առաջընթացի փուլում ենք»:

Հիշեցնենք` ռուս-թուրքական հարաբերությունները սրված են նախորդ նոյեմբերից, երբ Սու 24 զինվորական ուղղաթիռը խոցվել էր թուրքական զինուժի կողմից` պատճառաբանությամբ, որ այն անթույլատրելի կերպով հատել է Թուրքիայի օդային տարածքը:  Զոհվել էր օդաչու Օլեգ Պեշկովը:

Թողնել պատասխան