Հուլիսի 26-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլը շարունակում է անդրադառնալ երկրի  նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունից  հետո հնչող տարաբնույթ մեկնաբանություններին:  Հիշեցնենք` Մարգվելաշվիլին ասել էր, որ իր ընտանիքի անդամներից մեկի նկատմամաբ մեկ ամիս առաջ ճնշման փորձ է եղել, որին մասնակցել են իրավապահները:  «Kvira.ge» պարբերականը թեմային անդրադարձել է մի քանի հոդվածով: Դրանցից մեկում պարբերականը փոխանցում է «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը`դաշինքի առաջնորդների հետ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շրջելով`  Մարգվելաշվիլին նախագահ դարձավ (2013 թ.):

Կոբախիձեն նաև նշել է.  «Լավ կլիներ`  նախագահին հարցնեին  Կորցխելիի միջադեպին   (նկատի ունի խորհրդարանական միջանկյալ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բախումը)   Բոկերիայի  և Մելիայի  («Միացյալ ազգային շարժման գործիչներ»-խմբ.) դերակատարության մասին: Թեմային անդրադարձել է նաև Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, թե վերջին ժամանականերում քաղաքական գործիչները անբարոյական հայտարարություններով  են հանդես գալիս: Նրա խոսքով` հասկանալի է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ «դժվար է խոսել  դաստիարակության և բարոյականության մասին: Երիտասարդ քաղաքական գործիչները պետք է կարողանան հեռու մնալ  նման երևույթներից»:

Լրատվամիջոցներն ակտիվորեն  լուսաբանեցին  նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության ձեռնարկություններից մեկում տեղի ունեցած  պայթյունը: Մասնավորապես` «Netgazeti.ge»-ին գրում է, որ  պայթյունի հետևանքով վիրավորվել է մոտ 20 մարդ: Տեղական ԶԼՄ-ները տեղեկացնում են  զոհերի մասին, սակայն լուրը պաշտոնապես դեռևս չի  հաստատվում: «Netgazeti.ge»-ն, վկայակոչելով ադրբեջանական  լրատվամիջոցները,  տեղեկացնում է, որ  ձեռնարկությունը բնակելի տարածքին մոտ է գտնվում, այդ իսկ պատճառով մարդկանց տարհանում են:

Աբխազիայում շարունակվում է քաղաքական լավածությունը: Այս անգամ հրաժարական է տվել Վրաստանի կողմից չվերահսկվող` Աբխազիայի վարչապետ Արթուր Միքվաբիան: Վերջինիս հրաժարականը բավարարել է նաև նախագահ Խաջիմբան: Վարչապետի պարտականությունները կիրականացնի փոխվարչապետ Շամիլ Աձիմբան:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եղել է Օզուրգեթիում: Նա ներկայացրել է Օզուրգեթիի և Լանչխութ-Չոխատաուրիի   մեծամասնական  թեկնածուներին՝ Արչիլ Թալակվաձեին և Թեմուր Ճկուասելիին: Թեկնածուների առաջադրման առիթով տեղի ունեցած  միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով, Լանչխութիից, Չոխատաուրիից, Աճարիայից և Սամեգրելոյից  Օզուրգեթի են ժամանել բազմաթիվ քաղաքացիներ` այդ թվում մանկավարժներ:

«Frontnews»-ը գրում է, որ Օզուրգեթի-Լանչխութի ավտոճանապարհի Գուլիանիի հատվածում պատահար է տեղի ունեցել:  Իրար են բախվել դպրոցական ավտոբուս և միկրոավտոբուս: Ավտոբուսում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման մեկնող ուսուցիչներ են եղել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն չկա:

Նույն  պարբերականի փոխանցմամբ՝ «ռուս օկուպանտ»-ը ծեծի է ենթարկել 50-ամյա Զաքարիա Թակղաձեին: Դեպքը տեղի է ունեցել Գորիի շրջանի Կիրբալի գյուղում: Տուժողը ասել է, որ նա գյուղի տարածքում անասուններին արածեցնելիս է եղել, երբ ռուս սահմանապահները հարձակվել են` փորձելով  ձերբակալել իրեն: Գյուղացին դիմադրություն է ցուցաբերել, ինչի արդյունքում ռուս սահմանապահններին չի հաջողվել ձերբակալել նրան:  Թակղաձեն հայտարարել է, որ նա չի խախտել սահմանը և գտնվել է գյուղի տարածքում:

Վրաստանյան մամուլում ակտիվորեն  շրջանառվում է  նաև Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն Ալեքսանդրե Մոծոնելիձեի  հրաժարականի մասին լուրը: «News.ge»-ն  գրում է,  այս լուրը դեռևս ճշտված չէ, միևնույն ժամանակ հիշեցնելով, որ  Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն Մոծոնելիձեին կոչ է արել հրաժարական տալ:

Թողնել պատասխան