Ղարաբաղյան հակամարտությունը սրվել է

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը ապրիլի մեկ լույս երկուսի գիշերը սրվել է: Լարվածության փաստը հաստատել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները:

Մասնավորապես` հայկական կողմը տեղեկատվություն տարածեց ադրբեջանական զինուժի 3 տանկերի և մեկ անօդաչու թռչող սարքի խոցման մասին, այս տեղեկությունը  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հաստատել` հայտարարելով. որ Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմը գիշերվա ընթացքում խախտվել է 127 անգամ:

Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն` բախումները շարունակվում են շփման գծի ողջ երկայնքով: Առավել թեժ մարտեր են ռազմաճակատի առաջնային գծի`  Հադրութի և Մարտակերտի ուղղություններով:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, որ լուսադեմին Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել է 12 տարեկան երեխա, ևս երկուսը` վիրավորվել են:

Ըստ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության` այժմ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հայկական կողմը որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն Ադրբեջանն ունի մեծաքանակ կենդանի ուժի , նաև տեխնիկայի կորուստ` այդ թվում ուղղաթիռի:

Ռուսաստանի նախագահ Վլադիր Պուտինը հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և զսպվածություն դրսևորել, այս մասին հաղորդագրություն է տարածել նախագահի մամուլի ծառայությունը` նշելով, որ Պուտինն անհանգստացած է մարտական գործողությունների վերսկսկման հարցում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար`     միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից   սպասում է անհապաղ   միջամտության:

Լուսանկարը՝ Արմեն Երամիշյանի

Թողնել պատասխան