Վերջին շաբաթվա ընթացքում 1,5 կգ հերոին է առգրավվել. ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում թմրանյութային հանցագործությունների մեղադրանքով 13 անձ է ձերբակալել, որոնցից 6-ին՝ թմրանյութերի տարածման համար: Այս մասին հայտնել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Դավիթ Լացաբերիձեն` խոսելով ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից անցկացրած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտված հանցագործությունների մասին:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ առգրավվել է 1,5 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութ, 81 հաբ MDMA, 50 թիթեղ այսպես կոչված «Բիո» և այլ թմրամիջոցներ:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ երկրի մասշտաբով իրավապահների կողմից առգրավվել է «մեծ» և «հատկապես մեծ» քանակի թմրանյութեր» — ասել է Լացաբերիձեն և հավելել, որ ոստիկանության կողմից հանցագործությունների դեմ ակտիվ պայքարը շարունակվում է:

Նշվում է, որ օրինապահները անցած շաբաթվա ընթացքում Թբիլիսիում ձեբակալել են Իրանի 4 քաղաքացու: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նրանք Իրանից ապօրինաբար Վրաստան են ներկրել 1,5 կգ հերոին, և մեծ քանակությամբ մետադոն: Նրանց սպառնում է 8-20 տարի, կամ անժամկետ ազատազրկում:

«Ներքին գործերի նախարարության գլխավոր խնդիրներից է թմրանյութային հանցագործության դեմ պայքարը: Նախարարության նպատակն է ժամանակին կանխել թմրանյութերի տարածումն ու հնարավորինս նվազեցնել թմրանյութային հանցագործությունների քանակը»,- հայտարարել է Լացաբերիձեն:

Տեղեկացնում է Ipn.ge-ն:

Թողնել պատասխան