Վրաստանը խստացնում է անձնական գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվությունը

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որոնք նախատեսում են ընտանեկան կամ անձնական գաղտնիքի հրապարակման համար քրեական պատասխանատվության խստացում, ինչպես նաեւ նախատեսում դասել նշված գործողությունները ծանր հանցագործությունների շարքին:

Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից պատրաստված նախագիծն ընդունվել է 80 ձայնով: Այսպիսով`  Վրաստանի Քրեական օրենգքրում կավելանա հոդված, որով անձնական կամ ընտանեկան գաղտնիքի ապօրինի ստացումը, տարածումը, օգտագործումը, կամ այս տեղեկությունները այլ ճանապարհով ձեռքբերելը կպատժվի 4-ից 7 տարվա ազատազրկմամբ: Աձնական գաղտնիքի ապօրինի կիրառությունը, այդ թվում համացանցում, սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվամիջոցներում, կամ հանրային այլ հարթակներում, կպատժվի 5-ից 8 տարվա ազատազրկմամբ: Նշված գործողությունները շահադիտական նպատակներով կիրառելու դեպքում` պատիժը կլինի 6-ից 9 տարի:

Բացի այդ, ըստ նախագծի` եթե նշված գործողութունները կատարվել են անձի կողմից, ով պաշտոնական դիրքի, մասնագիտական գործունեության կամ այլ հանգամանքների բերումով լիազորված է պահպանել այդ գաղտնիքը, կամ գործողությունը կատարվել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ապա մեղավորը կդատապարտվի 7ից 10 տարի ժամկետով:

Թողնել պատասխան