Վրաստանը չեղարկում է պարտադիր զինվորական ծառայությունը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հրաման է ստորագրել, ըստ որի երկրի զինված ուժերում ծառայությունն այլևս պարտադիր չէ:
«Իմ խոստումներից մեկն էր` պատադիր զինվորական ծառայության պարզեցումը:  Այսպես թե այնպես մեր բոլոր քաղաքացիները պետք է ցանկանան ծառայել Վրաստանի բանակում, իսկ ով չի ուզում, մենք` չենք պարտադրի»,- ասել է նախարարը և հենց լրագրողների ներկայությամբ ստորագրել հրամանը:

Վրաստանում զինվորական ծառայությունը բաժանվում է 4 կատեգորիայի` պարտադիր, պայմանագրային, կադրային և պահուստային: Պարտադիր զինծառայության են կանչվում 18-ից 27 տարեկանները, ծառայության ժամկետը 12 ամիս է, զորակոչ է հայտարարվում` երկու տարին մեկ անգամ:

Թինա Խիդաշելին նաև ասել է, որ եթե հաջորդ նախարարը որոշի վերականգնել պարտադիր զինծառայությունը, նա ստիպված կլինի չեղյալ հայտարարել իր ստորագրած հրամանը: Հատկանշական է, որ ընթացիկ տարվա ապրիլին Խիդաշելին հայտարարել էր նման որոշում ընդունելու մասին, սակայն այն ծրագրված էր 2017-ին միայն:

Թողնել պատասխան