Բուչայում տեղի ունեցածի արձագանքները Վրաստանից

Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքի փողոցներում քաղաքացիական հագուստով շուրջ երեք հարյուր զոհվածների մասին են հաղորդում ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչներն ու լրագրողները։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ենթադրում է, որ լուսանկարներում պատկերված մարդիկ սպանվել են ռուս զինվորականների կողմից։

«Փողոցներում ձեռքերը կապած մարդկանց դիեր են, որոնց գնդակահարել են ռուս զինվորները, այդ մարդիկ զինվոր չեն եղել, զենք չեն ունեցել, ոչ մի վտանգ չեն ներկայացրել, էլի քանի՞ նման դեպք է կատարվում այս պահին օկուպացված տարածքներում»,- գրել է Պոդոլյակը Թվիթերում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սա ցեղասպանություն է անվանել։

Սակայն մինչ Ռուսաստանը հերքում է մեղադրանքները, ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է այդ քաղաքի վրա։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել է Բուչա քաղաքից ստացվող լուրերին՝ ասելով, որ «վրացիները գիտեն, թե ինչ է ներկայացնում Բուչան՝ հանցագործություն մարդկության դեմ»։

«Դժվար է պատկերացնել մի աշխարհ, որտեղ Բուչայի կոտորած կա: Բայց ահա այն, մենք ապրում ենք դրանում: Ուկրաինական դիմադրությունը չի պարտվի, բայց երբեք չի մոռացվի»,- գրել է Զուրաբիշվիլին։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն թվիթերյան իր էջում գրել է, թե «բառերից և ոչ մեկը ճշգրիտ չի արտահայտում այն ​​սարսափը, որը մենք տեսանք Բուչայում»:

«Բռնությունը, տեռորը, սադիզմն այսօր մեկ անուն ունեն՝ Բուչա։ Վստահ եմ, որ այս սարսափելի հանցագործությունն անպատիժ չի մնա: Ցավակցում եմ ուկրաինացի ժողովրդին այս դժվարին պահերին»,- գրել է Կալաձեն։

«Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը պահանջում է, որ Վրաստանում ապրիլի 5-ը հայտարարվի սգո օր՝ Բուչա քաղաքում և Ուկրաինայի այլ քաղաքներում «ռուսական օկուպացիոն ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, վայրագությունների և խաղաղ բնակիչների սպանության համար»։

Բացի այդ, կուսակցությունը կոչ է անում իշխանություններին օգտագործել միջազգային բոլոր հարթակները՝ Ուկրաինայում կատարված ամենասարսափելի հանցագործությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ակտիվ օգնություն ցուցաբերել ուկրաինական իշխանություններին և կիսել փորձը Ռուսաստանի կողմից կատարված հանցագործությունները փաստաթղթավորելու և հետապնդելու հարցում։

«Ուկրաինական պետության դեմ ռուսական ռազմական ագրեսիայի ռազմավարությունն ու մարտավարությունը հատկապես դաժան են խաղաղ բնակչության նկատմամբ։ Դրա մեկ այլ սարսափելի օրինակ աշխարհը տեսավ Բուչայի և այլ քաղաքների ազատագրումից հետո: Վերջին տեղեկությունների համաձայն՝ միայն Բուչա քաղաքում հայտնաբերվել է ավելի քան 300 մահացած քաղաքացիների դի։

Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ակնհայտորեն ռազմական հանցագործություն են։ Ըստ այդմ, Ռուսաստանի գործողությունները պետք է հետաքննվեն և պատժվեն միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան։ Այս առումով չափազանց կարևոր է Բուչայում և այլ քաղաքներում սպանված խաղաղ բնակիչների գործի միջազգային հետաքննության գործընթացը ժամանակին սկսելը»,- ասված է տարածած հայտարարության մեջ։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքելով «Լելոյի» նախաձեռնությանն՝ ասել է, որ «պատերազմի յուրաքանչյուր օր սգո օր է, այստեղ մեկ օրն անհնար է տարբերել»:

Ըստ Պապուաշվիլիի՝ նման նախաձեռնությունների հեղինակը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» է, որին Վրաստանը չի հետաքրքրում։

«Մենք խորհրդարանում, բազմիցս հարգել ենք Ուկրաինայում մահացածների հիշատակը։ Նրանք (խմբ. ընդդիմությունը) ուզում են հարցը ներկայացնել այնպես, կարծես Վրաստանի կարեկցանքն ու աջակցությունն այնպիսին չէ, ինչպիսին պետք է լինի»,- ասել է Պապուաշվիլին։

Բացի այդ, ինչպես նշել է Շալվա Պապուաշվիլին, դժվար է գտնել մի բառ, որը նկարագրի այն հույզը, որն ապրում են բոլոր մարդիկ՝ տեսնելով Բուչայից և այլ քաղաքներից հրապարակվող նկարները։