Երեկվա օրը համառոտ. ապրիլի 4

Ապրիլի 4-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 649 430-ի: Մեկ օրում արձանագրվել է 208 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 4.01%։

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ այս շաբաթ Վրաստան կբերվի կորոնավիրուսի դեմ կիրառվող Pfizer պատվաստանյութի նոր խմբաքանակ։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել արտգործնախարարի պաշտոնից։ Զալկալիանին նշանակվել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան:

Երկվանից Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նոր ղեկավար ունի․ առավոտյան հայտնի դարձավ, որ այդ պաշտոնը ստանձնել է կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։ Արտգործնախարարի մասին մանրամասն՝ այստեղ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ՝ ապրիլի 4-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ արդեն 20 հազար թափուր աշխատատեղ է գրանցվել։ Ըստ վարչապետի՝ սոցիալապես անապահով ընտանիքներից ավելի քան 15 հազար դիմում է ներկայացվել, իսկ 3 հազարն արդեն ստորագրել է համապատասխան աշխատանքային պայմանագիրը։

Ղարիբաշվիլին նաև հայտարարել է, որ կառավարության որոշմամբ՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները չեն վճարի 2021 թվականի գույքահարկը։

Էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ասել է, որ Վրաստանի կառավարությունը նոր մոդել կներկայացնի՝ խրախուսելու էներգետիկ ոլորտում նոր սերնդի օբյեկտների կառուցումը։ Թե ինչ մեխանիզմի մասին է խոսվում, դեռ հայտնի չէ։

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության՝ 2022 թվականին Վրաստանում գնաճի ցուցանիշը կազմել է 11․8 տոկոս։ Ամսական գնաճը մարտ ամսվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կազմել է 2․5 տոկոս։

Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածում՝ քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ կեղծ հեռախոսազանգերի միջոցով պատրիարքարանի անունից արվող առաջարկներից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հաճախակիացել են վրաց պատրիարքարանի անվան անհիմն օգտագործման դեպքերը։

«Վրացական երկաթուղին» 500 հազար եվրո դրամաշնորհ է ստացել Զարգացման ֆրանսիական գործակալությունից (AFD):

Ըստ ՄԻՊ Նինո Լոմջարիայի՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ հանրապետական ​​հիվանդանոցում անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ նա և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական վերականգնման կարիք ունի։

Վրաստանում ուսուցիչների ամենամյա մրցանակի համար հայտերի ընդունումն սկսված է: Հայտերի ներկայացումը հնարավոր կլինի www.tprize.ge կայքի միջոցով, ապրիլի 4-ից մինչև մայիսի 18-ը:

Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 5-ի դեպքերի առիթով դատական նիստը: Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Չախնաշվիլին հրապարակել է հուլիսի 5-ին Formula, Imedi, Tabula, «Ազատություն» ռադիոկայանի, Rustavi 2-ի լրագրողների և օպերատորների վրա բռնություն գործադրած մեղադրվող 7 անձանց դատավճիռները, ավելին՝ այստեղ։ 

Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում՝ ապրիլի 9-ի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ քաղաքացիները մոմեր ու ծաղիկներ են բերել՝ հարգելու ուկրաինական պատերազմում զոհվածների հիշատակը։

Նշենք, որ կիրակի Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքի փողոցներում քաղաքացիական հագուստով շուրջ երեք հարյուր զոհվածների մասին հաղորդեցին ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչներն ու լրագրողները։ Սակայն մինչ Ռուսաստանը հերքում է մեղադրանքները, ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է այդ քաղաքի վրա։ Վրաստանյան արձագանքների մասին՝ այստեղ։

Եվ վերջում՝ ապրիլի 4-ի սակարկությունների արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,16 թեթրիով, ինչի արդյունքում պաշտոնական արժեքը կազմել է 3,0902 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթն ամրապնդվել է 1,97 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,3998 լարի։