Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի առիթով դատարանը վճիռ է հրապարակել

Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 5-ի դեպքերի առիթով դատական նիստը: Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Չախնաշվիլին հրապարակել է հուլիսի 5-ին Formula, Imedi, Tabula, «Ազատություն» ռադիոկայանի, Rustavi 2-ի լրագրողների և օպերատորների վրա բռնություն գործադրած մեղադրվող 7 անձանց դատավճիռները։

Նրանցից 6-ը դատապարտվել է ազատազրկման, մեկը՝ տուգանքի:

  • Ռոմեո Կեկուտիա՝ 1 տարի 3 ամիս ազատազրկում,
  • Գիորգի Կախիանի՝ 1 տարի 3 ամիս ազատազրկում,
  • Գիորգի Նասկղիդաշվիլի՝ 1 տարի 3 ամիս ազատազրկում,
  • Իլիա Քեբաձե՝ 1 տարի 2 ամիս ազատազրկում,
  • Թեմուր Խարաուլի՝ 1 տարի 2 ամիս ազատազրկում,
  • Զազա Մճեդլիձե՝ 1 տարի 3 ամիս ազատազրկում,
  • Ուշանգի Դաթունաշվիլի՝ 5 հազար լարի տուգանք:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154-րդ (ապօրինի միջամտություն լրագրողի մասնագիտական ​​գործունեությանը), 156-րդ (հալածանք), 225-րդ (կազմակերպված խմբակային բռնություններին մասնակցություն) հոդվածներով։

Նշենք նաև, որ TV Pirveli-ի մահացած օպերատոր՝ Ալեքսանդե Լաշքարավային ծեծի ենթարկելու առթիվ հուլիսի 5-6-ին տեղի ունեցած բռնությունների գործով ամբաստանյալներին (Դավիթ Կուտալաձե, Օթար Գելաշվիլի, Ցոտնե Չիխլաձե, Գիա Գիգուաշվիլի, Թորնիկե Դավլաշերիձե, Ակակի Նակաշիձե) դատապարտվել են 5-ական տարվա ազատազրկման։ Թբիլիսիի քաղաքային դատարանում վճիռը հրապարակվել է ժամեր առաջ:

Հուլիսի 5-ի գործով լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալվել է 27 քաղաքացի։ Առայժմ նրանցից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել:

Նշենք, որ հուլիսի 5-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 56 քաղաքացի, այդ թվում՝ 47 լրագրող։

Հիշեցնենք՝ Թբիլիսիում հուլիսի 5-ին նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվել էր անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի կողմից դրսևորած քայլերն էին՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր: