Փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել Սաակաշվիլիին

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեին թույլ չեն տվել «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել երրորդ նախագահին։

Խաճապուրիձեն նշել է, որ տեսակցությունն արգելու մասին իրեն այլ բացատրություն չեն տվել, միայն հեռախոսվ ասել են, որ տեսակցությունն արգելված է:

Ըստ փաստաբանի՝ Սաակաշվիլիի հիվանադասենյակում նրան ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման սարքեր են միացրել, ինչը, փաստացի նշանակում է, որ երրորդ նախագահը վերակենդանցման բաժանմունքում է:

Խաճապուրիձեի խոսքով՝ ինքը դիմելու է հանրային պաշտպանին, որպեսզի հանրային պաշտպանի ներկայացուցիչը այցելելի Սաակաշվիլիին և ուսումնասիրի ստեղծված իրավիճակը։

«Ես իրավաբան եմ և պետք է ամեն ինչին կասկածանքով նայեմ ու ստուգեմ։ Չգիտեմ, թե ինչպես վարակվեց այնպիսի հանգամանքներում, ինչպիսին եղել են նրա հետ մուտքի պայմանները: Շրջապատում ոչ ոքի մոտ կորոնավիրուս չի հասատատվել»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Խաճապուրիձեն երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, ըստ որի՝ Սաակաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Ի դեպ, Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի դեմ ևս երեք գործ է հարուցվել։

Ձերբակալության առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո:

2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում: Նրա ընտանիքի անդամների ու փաստաբանների պնդմամբ` երրորդ նախագահի առողջական վիճակն օր օրի վատթարանում է, և անհրաժեշտ է բուժման նպատակով նրան տեղափոխել արտերկիր:

Հարկ է նշել նաև, որ շուրջ երկու ամիս է Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է  Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ արդարացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։

Սաակաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել. փաստաբան