Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ում նախագահության օրոք Վրաստանը պատերազմել է Ռուսաստանի հետ, պատասխանել է հարցին՝ հնարավո՞ր էր խուսափել 2008 թվականի պատերազմից:
Ըստ երրորդ նախագահի՝ պատերազմից խուսափելու համար Վրաստանը պետք է կատարեր Ռուսաստանի մի քանի պայման:
«Ի՞նչ պետք է անեինք դրա համար. պետք է թողնեինք Ասլան Աբաշիձեին Աջարիայում և հրաժարվեինք Բաթումիի զարգացումից, պետք է նրանց (Ռուսաստանի — խմբ.) գործակալներին նշանակեինք իրավապահ կառույցների ղեկավարներ, ինչպես ինձ ուղիղ խնդրել էր Պուտինը: Չպետք է պայքարեինք կոռուպցիայի դեմ, քանի որ ռուսական ազդեցությունը Վրաստանում հիմնականում հիմնված էր նրանց վրա: Չպետք է իրականացնեինք որևէ բարեփոխում, քանի որ Ռուսաստանը բարեփոխումը համարում է վտանգավոր նախադեպ: Չպետք է շարժվեինք դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ: Չպետք է հրաժարվեինք էներգետիկայում ռուսական սխեմաներից, հետևաբար` Վրաստանը թողնեինք խավարի մեջ: Չպետք է ստեղծեինք վրացական բանակ և ռազմական արտադրություն»,- ասված է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Նրա խոսքով՝ «մենք կմնայինք որպես հետամնաց, դժբախտ, հանցագործ, կոռումպացված երկիր, որի ճակատագիրն աշխարհում ոչ ոքի չէր հետաքրքրի, և որի հետ Ռուսաստանը ցանկացած պահի կաներ այն, ինչ կամենար»։
Ի դեպ, օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Ռուսաստանի հետ պատերազմից կարելի էր խուսափել. «Այս պատերազմից կարելի էր խուսափել… նախկին գլխավոր հրամանատարը մեծ անպատասխանատվություն է դրսևորել»:
Մեկ պատերազմի երկու ամսաթիվ. քաղհասարակությունն ընդդեմ ռուսական քարոզչության