Մեկ պատերազմի երկու ամսաթիվ. քաղհասարակությունն ընդդեմ ռուսական քարոզչության

Վրացի վերլուծաբանների պնդմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի դեմ պատերազմը սկսել է ավելի վաղ, սակայն պատերազմի մեկնարկի խորհրդանշական ամսաթիվ է նշվում օգոստոսի 7-ը:

Ըստ վերլուծաբանների՝ պնդումը, թե ռուս-վրացական պատերազմն սկսվել է օգոստոսի 8-ին, մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ պատերազմի սանձազերծման սլաքն ուղղել դեպի Վրաստան: Նրանց խոսքով, օգոստոսի 8-ին պատերազմի մեկնարկի մասին պնդումները ռուսական քարոզչության հետևանք են:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց՝ Ռուսաստանը Վրաստանի դեմ պատերազմ է սկսել օգոստոսի 7-ից շատ ավելի վաղ: Ըստ Մելաշվիլիի՝ Ռուսաստանը նախքան ռազմական հարձակումը, նախ, տնտեսական ու քաղաքական պատերազմ է վարել Վրաստանի դեմ, հետո` օգտագործելով այդ լծակները, սկսել է ռազմական հարձակումը:

«Շատ կարևոր է հասկանալ և չտրվել ռուսական քարոզչությանը, որը փորձում է, օգոստոսի 8-ը պատերազմի մեկնարկի օր անվանելով, պատերազմի մեղքը բարդել վրացական կողմի ուսերին: Իրականում պատերազմը սկսել է Ռուսաստանը, իսկ այդ պատերազմին նա բավականին երկար ժամանակ է նախապատրաստվել:

Եվ որպես պատերազմի մեկնարկի խորհրդանշական ամսաթիվ ճիշտը օգոստոսի 7-ի ամրագրումն է, քանի որ այդ օրն է Ռուսաստանը մտել Վրաստանի ինքնիշխան տարածք»,- նշեց Մելաշվիլին:

Ի դեպ, երեկ՝ օգոստոսի 7-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ անելով դուրս գալ Վրաստանի ինքիշխան տարածքից: Սակայն այսօր բոլոր պետական գերատեսչությունները՝ կառավարության գլխավորությամբ, իրենց պաշտոնական էջերում տեղադրել են «Օգոստոսի 8» լուսանկարները:

Հարկ է նշել, որ գերատեսչությունների «Օգոստոսի 8»-յան լուսանկարների տակ քաղաքացիները մեկնաբանություններ են գրել, որոնց հիմնական ուղերձն այն է, որ պատերազմը մեկնարկել է օգոստոսի 7-ին: Նրանք իշխանություններին մեղադրում են ռուսական քարոզչության մեջ: 

Քաղաքագետի խոսքով, վրաց հասարակությունը նույնպես պատերազմի մեկնարկի օրվա առումով թյուրիմացության մեջ է, քանի որ իշխանությունը ռուսական քարոզչությամբ է զբաղված և պատերազմի մեկնարկի օր է համարում օգոստոսի 8-ը: Քաղաքագետի պնդմամբ՝ սրա պատճառն այն է, որ «Վրացական երազանքն» ի սկզբանե պատերազմի մեկնարկի համար մեղադրում էր վրացական կողմին: Սա է պատճառը, որ իշխանությունն ավելի հեշտ է ընդունում օգոստոսի 8-ը` որպես պատերազմի սկզբնակետ, ոչ թե օգոստոսի 7-ը:

««Վրացական երազանքը» իշխանության հասնելուց ի վեր պատերազմն սկսելու համար մեղադրում է նախկին իշխանությանը, ինչը ևս ռուսական քարոզչության հետևանք է»,- ասաց Մելաշվիլին և հավելեց՝ երբ իշխանությունը հասկանա, որ Վրաստանի ազգային շահը վեր է իրենց քաղաքական օրակարգից, այդ ժամանակ ամեն ինչ կկարգավորվի, և կընդունվի իրական խորհրդանշական ամսաթիվը:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին համակարծիք է Մելաշվիլիին: Կոնֆլիկտաբանը նշեց՝ փաստ է, որ Ռուսաստանը Վրաստանի վրա ռազմական հարձակում է գործել օգոստոսի 7-ի երեկոյան, բայց Վրաստանի դեմ պատերազմը մեկնարկել է ավելի վաղ:

«Սակայն ավելի կարևոր դրվագը ոչ թե այն է, թե երբ է սկսվել պատերազմը` 7-ին, թե 8-ին, այլ այն, որ Ռուսաստանը հարձակվել է Վրաստանը վրա, օկուպացրել է նրա տարածքի 20 տոկոսը»,- «Ալիք Մեդիա»-ին ասաց Զաքարեիշվիլին:

Նախկին քաղաքական գործիչ Սերգի Կապանաձեն ֆեսբուքյան հրապարակմամբ անդրադարձել է պատերազմի մեկնարկի ամսաթվին: Վկայակոչելով Վրաստանի, Ռուսաստանի աղբյուրները և RadioTavisupleba պարբերականը, Կապանաձեն գրել է, որ պատերազմն սկսվել է օգոստոսի 7-ին:

Կապանաձեն ներկայացրել է հետևյալ ժամանակագրությունը, որն, ըստ նրա՝ պաշտոնական վրացական տարբերակն է` հաստատված խորհրդարանի քննչական հանձնաժողովի կողմից։

  • 00:00-ին հրետանային հարվածներ Էրեդվի, Փրիսի, Վանաթի, Սարաբուկի բարձունքներին,
  • 03:30-ին ՆԳՆ-ն տեղեկություն է ստանում, որ ռուսական զորքերն անցել են Ռոկիի թունելը,
  • 11:00-ին հրետանային հարձակումներ Ավնևիի, Նուլիի, Վանաթիի վրա (օս անջատականները հրետանի չունեին, խաղաղապահները նույնպես չունեին. եթե ունեին, ապա Ռուսաստանից էր),
  • 13:00-ին ՆԳՆ-ն Վրաստանի անվտանգության խորհրդին տեղեկացնում է ռուսական ուժերի մուտքի մասին,
  • 14:00-ին ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում Ռոկիի թունելով զրահատեխնիկայի մուտքի վերաբերյալ,
  • 22:00-ին կրակ է բացվել Փրիսի և Թամարաշենի ուղղությամբ (ներկայացված է ԵԱՀԿ զեկույցում),
  • 23:30-ին կրակ է բացել վրացական բոլոր խաղաղապահ կետերի վրա, ոչնչացրել Քուրթայի ոստիկանական բաժանմունքը,
  • 23:30-ին լրացուցիչ տեղեկություն է տրվել, որ ևս 150 միավոր զրահամեքենա է մտել Ռոկիով:

Հարկ է նշել, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջ է մղում ռուսական նարատիվը և որպես պատերազմի մեկնարկի ամսաթիվ ընդունում է ռուսական տարբերակը՝ օգոստոսի 8-ը: Ըստ «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) «Փաստ-մետր»-ի (FactCheck.ge)՝ իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն կեղծ տեղեկություն է տարածել:

Ըստ «Փաստ-մետր»-ի՝ խոսելով պատերազմի մեկնարկի ամսաթվի մասին՝ Մդինարաձեն պնդել է. «Օգոստոսի 7-ը առաջին անգամ առաջ է քաշվել ռուսների կողմից, որպես բանաձևի փոփոխություն, որին, ցավոք, աջակցել է վրացական պատվիրակությունը (ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»). սա հանցավոր աջակցություն է եղել»:

«Փաստ-մետր»-ը ճշտել է նշված հայտարարությունը և պարզել, որ Մդինարաձեն իր հայտարարության մեջ վկայակոչում է Եվրոպական խորհրդի 1 633 բանաձևը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը փաստաթուղթն ընդունել է 2008 թվականի հոկտեմբերի 2-ին։ Փաստաթղթի շուրջ քննարկումները տեղի են ունեցել սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 2-ին, և մինչև վերջնական տարբերակի ընդունումը որոշ փոփոխություններ են կատարվել։

Մդինարաձեն իր հայտարարության մեջ պնդում է, որ ռուսների ներկայացրած փոփոխության արդյունքում պատերազմի մեկնարկի օր է նշանակվել օգոստոսի 7-ը, ինչը ըստ «Փաստ-մետր»-ի՝ ճիշտ չէ:

Օգոստոսի 7-ը որպես պատերազմի մեկնարկի ամսաթիվ կարելի է գտնել բանաձևի 4-րդ պարբերությունում։ Հաջորդ՝ 5-րդ պարբերությունում օգոստոսի 7-ը նշվում է որպես վրացիների կողմից Ցխինվալիի վրա հարձակման սկզբի ամսաթիվ, ինչը հանգեցրել է իրավիճակի սրման և բացահայտ ու լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

Ի դեպ, երեկ լրացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Վրաստանի քաղհասարակության, ընդդիմադիր գործիչների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի վրա հարձակվել է օգոստոսի 7-ին, իսկ իշխանությունը հարձակման օր է համարում օգոստոսի 8-ը, ինչը, ըստ ընդդիմադիրների՝ ռուսական պրոպագանդա է Վրաստանին պատերազմն սկսելու մեղավոր համարելու ձգտմամբ:

Ըստ «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժման՝ օգոստոսյան պատերազմից 15 տարի անց էլ ռուսական քարոզչությունը ստիպում է մեզ հավատալ, որ պատերազմը սկսվել է օգոստոսի 8-ին։ Ռուսական այս նարատիվը ծառայում է մեկ նպատակի` պատերազմի սկսման մեղքը բարդել Վրաստանի ուսերին:

Շարժման պնդմամբ՝ իրականում Ռուսաստանն օգոստոսյան պատերազմին սկսել է նախապատրաստվել տարիներ առաջ: Ռուսաստանը կազմակերպել է տնտեսական, էներգետիկ և ռազմական սադրանքներ, իսկ 2008 թվականի օգոստոսի 1-ից օկուպանտները հարձակումներ են սկսել Ցխինվալիի շրջանում։ Պաշտոնապես պատերազմը սկսվել է օգոստոսի 7-ին, երբ ռուսական բանակը ներխուժեց Վրաստանի կենտրոնական իշխանության վերահսկողության տակ գտնվող տարածք։

Պատերազմից 15 տարի անց. ժամանակագրություն (թարմացվող)