Թբիլիսիի քաղաքային դատարանը «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ղեկավարման տարիներին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած, այդ թվում` պաշտպանության նախարար (ՊՆ), Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ խափանման միջոց նշանակված 20 հազար լարի գրավը փոխարինեց կալանքով։ Օքրուաշվիլին կալանավորվել է հենց դատարանի դահլիճում։
Դատավոր Նինո Թարաշվիլին մայիսի 14-ին կայացած նախնական դատական նիստում քննարկել է դատախազի միջնորդությունը գրավը կալանքով փոխարինելու վերաբերյալ։
Օքրուաշվիլին մեղադրվում է «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու և պահանջը չկատարելու համար: Այսօրվա դատական նիստում քննարկվեց ապացույցների թույլատրելիության հարցը։
Օքրուաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 20 հազար լարի գրավ և արգելվել էր հատել Վրաստանի սահմանը մինչև գործի ավարտը։ Օքրուաշվիլին 30 օր ուներ գրավը վճարելու համար, որը լրացել էր մայիսի 8-ին։ Օքրուաշվիլին դատական նիստում հայտարարել է, որ չի վճարելու սահմանված գրավը։
Օքրուաշվիլին մարտի 26-ին կանչվել էր ժամանակավոր քննչական հանձնաժողով՝ բացատրություն տալու, բայց հրաժարվել էր ներկայանալ։ Դրանից հետո նախկին պաշտպանության նախարարը կանչվել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ ցուցմունք տալու, որտեղ պատասխանել է քննչական գործակալության հարցերին դատավորի առջև։
Օքրուաշվիլին տարբեր ժամանակներում եղել է ՄԱՇ-ի կառավարության պաշտպանության, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարար. նա որևէ պաշտոն չի զբաղեցրել 2006 թվականի նոյեմբերից։ Օքրուաշվիլին հանձնաժողով էր կանչվել ռուս-վրացական 2008 թվականի պատերազմի հետ կապված։
Օքրուաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, որը վերաբերում է «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի խնդրանքը չկատարելուն»։ Այս արարքը պատժվում է տուգանքով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով, կամ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով։
Նիստին չներկայանալու համար արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց գրավ է կիրառվել Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի («Ուժեղ Վրաստան» կուսակցություն) նկատմամբ` յուրաքանչյուրին 50 հազարական լարի գրավ։ «Միացյալ ազգային շարժման» կառավարության տարիներին պաշտպանության, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարար Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ սահմանվել է 20 հազար լարի գրավ, և նրան արգելվել է լքել երկիրը, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Զուրա Ջափարիձեի նկատմամբ՝ 20 հազար լարի, իսկ Գիվի Թարգամաձեի նկատմամբ` 10 հազար լարի, ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիայի նկատմամբ՝ 30 հազար լարի, «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի նկատմամբ` 50 հազար լարի գրավ, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ Նիկա Մելիայի նկատմամբ 50 հազար լարի գրավ է սահմանվել:
Հանձնաժողովի մասին
ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.
- բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
- սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
- կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
- 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
- Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։
Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։
Հանձնաժողովում աշխատում է ութ մարդ.
- «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
- Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։
ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց: