Մաթե Դևիձեի ձերբակալությանը Թբիլիսիում ինքնաբուխ ցույց է հաջորդել

Այն բանից հետո, երբ եվրոպամետ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված 21-ամյա Մաթե Դևիձեին դատարանը երեկ դատապարտեց 4 տարի և 6 ամիս ազատազրկման, Թբիլիսիում ինքնաբուխ բողոքի ցույց սկսվեց։

Ցույցը սկսվել էր Մելիքիշվիլիի պողոտայից՝ Ֆիլհարմոնիայի մերձակայքից, և շարունակվել շրջակա տարածքում, մոտավորապես այնտեղ, որտեղ նոյեմբերի 19-ի հանրահավաքի ժամանակ ձերբակալվել էր Մաթե Դևիձեն։

Բողոքի ակցիայի մասնակիցները կարդացել են Մաթե Դևիձեի և ավելի քան 60 այլ ձերբակալված ցուցարարների անունները, որոնց ազատ արձակումը պահանջում է նաև Եվրախորհրդարանը։

Ցուցարարները գիշերել են Ռուսթավելիի պողոտայում, լուսաբացին ոստիկանությունը պահանջել է ազատել ճանապարհի երթևեկելի մասը և ցրել է ակցիայի մասնակիցներին։

Բազմաթիվ արևմտյան քաղգործիչներ և այլ անձինք դատապարտել են Դևիձեի ձերբակալությունը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ և MEGOBARI Act-ի  համահեղինակ Ջո Ուիլսոնը X-ում նշել է, որ դատավորը և այլ հանցակից անձինք պետք է պատժվեն։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ներկա է եղել Մաթե Դևիձեի դատավարությանը Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավճռի հրապարակումից հետո հայտարարել է, որ այդ որոշմամբ դատարանը վիրավորել է այնտեղ ներկա յուրաքանչյուր մարդու և հասարակության յուրաքանչյուր անդամի։

Զուրաբիշվիլին նաև հույս է հայտնել, որ Մաթե Դևիձեի գործը անպայման կհասնի Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան։

Հիշեցնենք, հունիսի 12-ին դատավոր Նինո Գալուստաշվիլին Մաթե Դևիձեին մեղավոր ճանաչեց «ոստիկանի վրա հարձակման» համար և դատապարտեց նրան 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Ժամանակի հաշվարկը կսկսվի ձերբակալման օրվանից։

Մաթե Դևիձեն դատապարտվեց 4 տարի 6 ամիս ազատազրկման