«Լելո — Ուժեղ Վրաստան» կոալիցիան պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Այս մտադրության մասին «Լելո»-ի գրասենյակում կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 4-ի ընտրությունները փաստացի պայքար են իշխանության դեմ, և եթե հասարակությունը միասնական լինի, այդ պայքարը կավարտվի հաղթանակով։
Հայտարարությունից հետո կոալիցիայի որոշ անդամներ լքել են իրենց պաշտոնները։ Կոալիցիայի քաղաքական խորհուրդը և գործադիր քարտուղարի պաշտոնը լքել է Դեա Մետրևելին, իսկ մինչ այդ Սաբա Բուաձեն ևս լքել է կոալիցիայի քաղաքական խորհուրդը և Թբիլիսիի կազմակերպության նախագահի պաշտոնը։
Մետրևելին նշել է, որ մնում է ընդհանուր պայքարի մեջ՝ Վրաստանի ազատագրման և նրա եվրոպական ապագայի համար։
Չնայած իր պաշտոնը թողնելուն՝ Սաբա Բուաձեն մնում է կոալիցիայում՝ մինչև այլ առաջնորդների՝ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի բանտից ազատ արձակումը։ Դրա մասին Բուաձեն գրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է, որ համաձայն չէ «Լելո — Ուժեղ Վրաստան»-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու որոշման հետ։
Մեկ այլ անդամ՝ Անա Նացվլիշվիլին, որ վերոնշյալ որոշումից հետո նույնպես լքել է «Լելո — Ուժեղ Վրաստան»-ը, ֆեյսբուքյան էջում գրել է որ համամիտ չէ իր թիմակիցների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու որոշմանը, ինքը չի մասնակցի դրա իրականացմանը և, բնականաբար, լքում է «Լելո»-ի քաղաքական խորհուրդը:
Նացվլիշվիլին ասել է.
«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հարցում միասնականության հասնել հնարավոր չեղավ։ Սա շատ վատ է։ Կարծում եմ, վերը նշված ձևաչափը եթե հաստատվեր, իրադարձությունները կզարգանային այլ կերպ՝ բոլոր ուղղություններով։
Ես չեմ կարող համաձայնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ իմ թիմակիցների կայացրած որոշմանը և չեմ լինելու այդ որոշման իրականացման մասնակից, հետևաբար` դուրս եմ եկել «Լելո»-ի քաղաքական խորհրդից։
Այս որոշման կայացումը շատ դժվար է ինձ համար հատկապես այն պատճառով, որ մեր երկու առաջնորդները բանտում են՝ այս պայքարում հրաժարվելով իրենց ամենաթանկ բանից՝ ազատությունից»,- գրել է նա` հավելելով, որ շարունակում է պայքարը «անկախ, եվրոպական, ուժեղ և արդար Վրաստանի համար»:
Վրացի փորձագետները և հասարակությունը տարբեր կերպ են գնահատում ընտրություններին մասնակցելու որոշումը: Մի մասի կարծիքով՝ ընտրություններին մասնակցելը սխալ քայլ է, մյուս մասը դրական է արձագանքել:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին նշեց, որ կուսակցության մեջ կարող են լինել անհամաձայնություններ որոշակի որոշումների հետ կապված, ուստի որոշ անդամներ լքել են կուսակցությունը:
Չնայած ինքը` Զաքարեիշվիլին, նշեց, որ անձամբ ողջունում է «Լելո-Ուժեղ Վրաստան»-ի որոշումը, քանի որ, իր կարծիքով, Վրաստանի ժողովրդավարության համար դա կարևոր քայլ է:
«Հաճախ են լինում դեպքեր, երբ անդամները համաձայն չեն կուսակցության/կոալիցիայի հիմնական որոշումների հետ։ Նման դեպքեր տեղի են ունենում ոչ միայն Վրաստանում, այլև Եվրոպայում ևս։ Այսօր ընտրություններին մասնակցությունը քննարկման մեծ թեմա է։ Ես անձամբ կողմ եմ ընտրություններին մասնակցելուն, և այդ որոշումը դրական եմ գնահատում։ Կան մարդիկ, իհարկե, ովքեր բացասական են վերաբերվում՝ բոլորը կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ սա շատ կարևոր փորձություն է վրացական ժողովրդավարության համար, և մասնակցությունն անհրաժեշտ է»,- ընդգծեց կոնֆլիկտաբանը:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին, անդրադառնալով կոալիցիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշմանը, ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նույնիսկ խորհրդարանական ընտրություններից առաջ և ընտրություններից հետո պարզ էր, որ ժողովրդավարական ընտրազանգվածը բաժանված էր (առնվազն) երկու մեծ խմբի։ Ես հույս ունեի, որ այս խմբերը կկարողանան համաձայնության գալ ոչ թե միասնության, այլ առնվազն՝ ընդհանուր ռազմավարության շուրջ, քանի որ այս ռազմավարական համագործակցությունը կենսականորեն կարևոր է ժողովրդավարական ուժերի գոյատևման համար»:
Քաղաքագետի խոսքով՝ (Թբիլիսիում) հաղթելու համար (եթե նույնիսկ կեղծիքներ չլինեն, հավելել է Մելաշվիլին), «անհրաժեշտ են բոլոր 4 ընդդիմադիր կուսակցությունների ձայները»։ Ըստ նրա՝ հաղթանակի համար անհրաժեշտ է ընդդիմադիր կուսակցությունների միջև ռազմավարական համագործակցություն, հակառակ դեպքում «պառակտված» ընդդիմությունը դատապարտված է պարտության:
Այս փուլում Տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու իրենց մտադրությունը հաստատել են «Լելո-Ուժեղ Վրաստան» կոալիցիան և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը։