Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի միակ ամբողջովին հայկական N104 հանրային դպրոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, պաշտոնապես բացվեց Թբիլիսիի առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան, որը հնարավորություն կտա երեխաներին սովորելու ժամանակակից տեխնոլոգիաներ և զարգացնելու ինժեներական հմտություններ, ընդ որում՝ ծրագիրը հասանեի կլինի հայերեն և վրացերեն:
Թբիլիսյան «ԱրՄաթ»-ի բացմանը ներկա էին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Բաիա Կվիցիանին, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը և լաբորատորիայի հիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, նաև` բարերարներ Գագիկ և Ռաֆիկ Աղաջանյանները, Մարիա Չախոյանը, համայնքի ներկայացուցիչներ: Պաշտոնական բացումից և ողջույնի ու շնորհակալական խոսքերից հետո դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանն ուղեկցեց հյուրերին դեպի աշխատանոցի համար հատկացված դասասենյակ՝ կահավորված բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց դեսպանության նախաձեռնության մասին` շնորհակալություն հայտնելով Վրաստանի կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանն ու «ԱրՄաթ»-ի թիմին. առանց նրանց աջակցության անհնար կլիներ կյանքի կոչել լաբորատորիայի բացումը:
«Այս լաբորատորիան այնքանով է յուրօրինակ, որ Վրաստանում գործող «ԱրՄաթ» լաբորատորիաներից առաջինն է, որ պետական կառույցի հովանու ներքո է՝ N104 հայկական դպրոցում է: Հույս ունեմ, լաբորատորիան դռները կբացի նաև Թբիլիսիի այլ՝ վրացական դպրոցների սաների առաջ ու այսպիսով կամուրջ կհանդիսանա երկու ժողովուրդների բարեկամության համար»,- նշեց Սմբատյանը:
«ԱրՄաթ»-ի բացումը երկու երկրների ԿԳՄՍ փոխնախարարները ևս համարում են երկկողմ հարաբերությունների զարգացման ևս մեկ քայլ: Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Բաիա Կվիցիանին մեզ հետ զրույցում նշեց, որ տեխնոլոգիաների ուղղությամբ երկրի աշակերտների զարգացումը Վրաստանի առաջնահերթություններից է։
«Նման նախաձեռնությունները մշտապես խթանում են երկու երկրների մտերմացմանը, հետևաբար մշտապես կունենան մեր աջակցությունը»,- ասաց Կվիցիանին:
ՀՀ ԿԳՄՍ փոխնարարար Արաքսյա Սվաջյանը ևս մեծ ներուժ է տեսնում տվյալ նախաձեռնության մեջ։
«Ուրախ եմ, որ սկսել ենք հայկական դպրոցից, բայց սա այնպիսի ունիվերսալ ծրագիր է, որ ազգության հետ բացարձակ կապ չունի: Ժամանակակից կրթությունն առանց տեխնոլոգիական կրթության բաղադրիչների շատ դժվար է պատկերացնել: Հույս ունեմ, որ դպրոցում մեծ հաջողություններ կգրանցվեն, և աշխատանոցը կարող է ծառայել նաև այլ դպրոցներում սովորող երեխաներին»,- նշեց Սվաջյանը:
«ԱրՄաթ»-ը մինչ այս ներկայացված է եղել նաև Վրաստանի այլ շրջաններում՝ Սամցխե-Ջավախեթիի տարածքում. ընդհանուր առմամբ այս պահին կա 450 աշակերտ, որոնցից 15-ը վրացալեզու են: Սա 11-րդ աշխատանոցն է: Սարգիս Կարապետյանը նշեց՝ ծրագրի ադապտացումը երկրին, որտեղ գործում են՝ «ԱրՄաթ»-ի սկզբունքներից է: Այսպես են արել նաև 7 երկրներում, որտեղ աշխատում են:
«Մենք հավատում ենք, որ ազգերի բարեկամությունը սկսվում է անհատների բարեկամությունից և ընկերությունից: «ԱրՄաթ»-ում ամբողջը թիմային աշխատանք է, նախագծերի վրա միասին աշխատելով իրենք ընկերանում են: Հույս ունենք, այդ ընկերությունը կշարունակվի, ու հասուն տարիքում պետական, բիզնես ու այլ տեսակի համագործակցություններ կսկսվեն այստեղից»։
Կարապետյանը վստահ է՝ աշակերտներն այստեղ, սովորելով տեսնել խնդիրները, ձևակերպել իրենց դպրոցի, համայնքի ու երկրի խնդիրները, հնարավորություն են ստանում ճարտարապետական գիտելիքն օգտագործելու այդ խնդիրների լուծման համար իրենց երկրում՝ Վրաստանում, նաև որպես սփյուռքի ներկայացուցիչ՝ Հայաստանում:
Թբիլիսյան «ԱրՄաթ»-ում սովորելու հնարավորություն առաջնահերթորեն կստանան դպրոցի աշակերտները, թափուր տեղերի առկայության դեպքում հայտերի դիմումի հնարավորության մասին տեղեկությունը կտրամադրի դպրոցը:


