Իրարամերժ կարծիքներ՝ Ուկրաինա մեկնելու հարցում. ըննդիմությունն ու իշխանությունը համաձայնության չեն գալիս

Իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն Ուկրաինա մեկնող պատվիրակության կազմի վերաբերյալ ընդդիմության և մեծամասնության միջև խորհրդակցությունների անարդյունք ավարտից հետո ասել է, որ «Վրացական երազանքը» պատրաստ է խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբերից մեկական ներկայացուցիչ ընդգրկել կազմում։ Այս մասին նա խոսել է Imedi հեռուստաընկերության եթերում։

Նշենք, որ երեկ կայացած խորհրդակցությունից հետո հայտնի դարձավ, որ իշխող «Վրացական երազանքը» ընդդիմությանը պատվիրակության կազմում ընդամենը երեք տեղ է առաջարկում, ինչին ընդդիմությունը չի համաձայնվել։

Խորհրդակցություններից հետո ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նախագահ Խատիա Դեկանոիձեն ասել է, որ ընդդիմությունն առանձին այցով կմեկնի Ուկրաինա։

Դեկանոիձեի հայտարարությունից հետո ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը երեկ ուշ երեկոյան հայտարարություն է տարածել, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը պատրաստ է ընդգրկվել թե՛ ընդդիմության, և թե՛ իշխանությունների պատվիրակությունների կազմում։

Այս հայտարարություններից հետո Մդինարաձեն ասել է, որ «Վրացական երազանքը» որոշել է պատվիրակության կազմում մեկական տեղ առաջարկել ընդդիմադիր բոլոր խմբերին։

Հիշեցենք՝ ավելի վաղ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն հայտնել էր, որ խորհրդարանական մեծամասնության անդամները պատրաստ են այցելել Ուկրաինա։

Կարդացեք նաև`

Իշխանությունն ու ընդդիմությունը պատրաստվում են Ուկրաինա մեկնել