ԹԱՐՄԱՑՎՈՂ. Լարված իրավիճակ, բախումներ, ցույցը ցրում են ջրցանով, պղպեղի սփրեյով

Թբիլիսիում ընտրություններին ու բողոքի ցույցին զուգահեռ՝ Աթոնելիի փողոցում տեղակայված նախագահական պալատի բակում բախումներ են տեղի ունենում քաղաքացիների ու հատուկջոկատայինների միջև. ՆԳՆ-ն պղպեղի սփրեյ, ջրցան մեքենա, ֆիզիկական բռնություն է կիրառել ցույցը ցրելու նպատակով, կան վիրավորներ, նրանց թվում՝ ցույցի կազմակերպիչ Պաատա Բուրճուլաձեն: Կան նաև բերման ենթարկվածներ:

Մինչ այդ, մի խումբ ցուցարարներ կոտրել էին նախագահական պալատի ցանկապատը և ներխուժել բակ, ինչին էլ հետևեցին բախումները: Րոպեների ընթացքում տեղում մոբիլիզացվեցին հարյուրավոր հատուկջոկատայիններ. այդ ընթացքում Ռուսթավելիի պողոտայում ցույցը խաղաղ շարունակվում է:

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղի ունեցածը սադրանք է որակել` ասելով, որ դրա ետևում կանգնած են հենց «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները: «Սա խաղաղ ցույցի ցրման փորձի սցենար է: Վաղն ավելի շատ մարդ կհավաքվի Ռուսթավելիում»,- նշել է Զուրաբիշվիլին:

Տեղի ունեցածին հայտարարությամբ արձագանքել է «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը` նշելով, որ դա խաղաղ ցույցի վարկաբեկում է:

Վիրավորների շարքում են TV Pirveli հեռուստաընկերության օպերատորն ու շտապօգնության մեկ աշխատակից:

Ցուցարարների մի մասը շարունակում է մնալ Օրբելիանիի փողոցում՝ չնայած հատուկջոկատայինների կիրառած ուժին: Նրանք այրել են Օրբելիանիի փողոցում տեղակայված աթոռներն ու սեղանները:

Ժամը 20:40-ի դրությամբ, կրկին կիրառվում է ջրցան մեքենա, ցուցարարներին Օրբելիանի փողոցից ետ են մղում դեպի Ազատության հրապարակ:

ՆԳՆ-ի տվյալներով, վիրավորվել է 14 ոստիկան/հատուկջոկատային, նրանցից մեկի վիճակը ծանր է: ՆԳՆ փոխնախարարը ճեպազրույցում նշել է, որ ցույցն անցել է խաղաղ հանրահավաքի բոլոր սահմանները:

Ժամը 21:30-ի դրությամբ արցունքաբեր գազ է կիրառվել, թե՛ խորհրդարանի հարակից տարածքում, թե՛ Օրբելիանիի փողոցում (նախագահի նստավայրի հարակից փողոց):

Ժամը 22:20-ի դրությամբ ցույցը շարունակվում է Ռուսթավելիի պողոտայում, ցուցարարները տարածքից հեռանալ չեն պատրաստվում՝ չնայած ՆԳՆ-ի զգուշացումներին: Այս պահի դրությամբ կրկին պարզ չէ՝ որքան ցուցարար է վիրավորվել, փոխարենը՝ ՆԳՆ-ն խոսում է վիրավորված աշխատակիցների թվի մասին: Տեղում են գտնվում ընտրությունները բոյկոտած կուսակցությունների ներկայացուցիչները ևս:

Ցույցի կազմակերպիչ Պաատա Բուրճուլաձեին տեղափոխում են կլինիկա: Վերջինը նշել է, որ ստուգումներ անցնելուց հետո կվերադառնա Ռուսթավելիի պողոտա:

Խորհրդարանի տարածքում հավաքված ցուցարարները տեղափոխվում են Օրբելիանիի փողոց, որտեղ բախումներ տեղի ունեցան, ու մինչ այս պահը պարբերաբար կիրառվում են ջրցան մեքենա, արցունքաբեր գազ: