Գուցե ժամանակն է հարցականի տակ դնել Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակը. Յուկնևիչենե

Եվրախորհրդարանի անդամ Ռասա Յուկնևիչենեն X-ում գրել է, թե գուցե ժամանակն է հարցականի տակ դնել Վրաստանի Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակը։

«Մենք քննարկեցինք Վրաստանում վատթարացող իրավիճակը հանձնակատար Մարտա Կոսի և գործընկերների հետ։ Մենք կքննարկենք առանց վիզայի ճանապարհորդության հարցը, կպայքարենք ապատեղեկատվության դեմ և կաջակցենք քաղաքացիական հասարակությանը։

Ցավոք, գուցե ժամանակն է հարցականի տակ դնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը։ Ցավոք»,- գրել է Յուկնևիչենեն։

Հիշեցնենք. հոկտեմբերի 7-ին Եվրախորհրդարանն աջակցեց առանց վիզայի ռեժիմի կասեցման ընթացակարգի պարզեցմանը։ Վիզայի ազատականացման կասեցման ընթացակարգի պարզեցումը պայմանավորված է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և միջազգային իրավունքի խախտումներով։ Հայտնի է, որ ԵՄ թարմացված ընթացակարգն առաջնահերթություն է տալիս բարձրաստիճան պաշտոնյաների համար առանց վիզայի ճանապարհորդության կասեցմանը, այլ ոչ թե ամբողջ բնակչության համար սահմանափակումներին։

Ընթացակարգը վերաբերում է 61 երկրների, որոնց քաղաքացիները ներկայումս կարող են կարճ ժամանակահատվածով առանց վիզայի ճանապարհորդել Շենգենյան գոտու տարածքում։ Առանց վիզայի ճանապարհորդության կասեցման մեղմացման վերաբերյալ քվեարկությունը կկայանա Ընդհանուր գործերի խորհրդում նոյեմբերի 17-ին։