Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Քվեմո Քարթլիի և Թուրքիայի Հանրապետության Արթվինի նահանգի ոստիկանության դեպարտամենտների աշխատակիցները, իրականացված համատեղ միջոցառումների շրջանակներում, դիտավորյալ սպանության փորձի և հրազենի ապօրինի ձեռքբերման, պահման ու կրման մեղադրանքով, «Կարծախ» սահմանային հատվածի տարածքում ձերբակալել են 2002 թվականին ծնված անձի։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Մառնեուլիում գտնվող ոսկյա իրերի խանութներից մեկում հրազենով վիրավորել է հորն ու որդուն և դիմել փախուստի դեպքի վայրից։
Վիրավորները տեղափոխվել են բժշկական կլինիկա, որտեղ որդին ստացած վերքերի հետևանքով մահացել է։
Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում սեղմ ժամկետում պարզել են հանցագործի ինքնությունը, և նրա նկատմամբ իրականացվել են օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ քրեական գործով քննությունն ընթանում է 19-109-րդ և 236-րդ հոդվածներով, ինչը նախատեսում է մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում։