Մահացել է նորածինը, որին մայրը փորձել էր սպանել

«Մեդինա» կլինիկայի հաղորդմամբ՝ Բաթումիում այսօր՝ մարտի 27-ին, մահացել է նորածինը, որին մայրը լույս աշխարհ էր բերել և փորձել սպանել։

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ չնայած բժիշկների բազմօրյա ինտենսիվ պայքարին և իրականացված բոլոր հնարավոր բժշկական միջոցառումներին, փետրվարի 23-ին Իրիս Բորչաշվիլիի անվան «Մեդինա» առողջապահական կենտրոնում ծնված նորածինը (մեր կլինիկայի աշխատակցի երեխան) այս առավոտ մահացել է։

Կլինիկայի թիմը հենց առաջին րոպեներից գործել է մասնագիտական բարձրագույն չափանիշների պահպանմամբ։ Գործընթացում ներգրավված են եղել ինչպես մեր կլինիկայի, այնպես էլ հրավիրված բազմապրոֆիլ մասնագետներ։ Պացիենտին ցուցաբերվել են բազմաթիվ անհետաձգելի և բարձր որակավորում ունեցող բժշկական միջամտություններ, սակայն նրա վիճակն ի սկզբանե եղել է ծայրահեղ ծանր։

Այս ծանր ժամանակահատվածում մեր գլխավոր առաջնահերթությունը եղել է և մնում է պացիենտների կյանքի ու առողջության պաշտպանությունը։

Ապրումակցում ենք տեղի ունեցածի պատճառած խոր վշտին և կարեկցում ենք բոլոր այն մարդկանց, ում համար այս ողբերգությունը ծանր կորուստ է»,- հայտնել է «Մեդինա»-ն։

Երեխան ծնվել էր Բաթումիում 2026 թվականի փետրվարի 23-ին։ Դատախազության տվյալներով՝ կլինիկայի աշխատակիցը ծննդաբերել է զուգարանում, որից հետո նորածնի մարմնի տարբեր հատվածներին հասցրել է կյանքի համար վտանգավոր վնասվածքներ։
Երեխայի մայրը ձերբակալվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել նորածնի դիտավորյալ սպանության փորձի փաստով՝ Քրեական օրենսգրքի 19.112-րդ հոդվածով։