Վրաստանի կառավարությունը հաստատել է մայիսի 26-ի միջոցառումների կազմակերպման մասին կարգադրությունը, որի մեջ թվարկված են գործողությունները և միջոցառումները, որոնց կազմակերպումը հանձնարարվել է պետական տարբեր գերատեսչությունների։
Փաստաթղթի համաձայն՝ գլխավոր տոնական միջոցառումները կկայանան Թբիլիսիում։ Ազատության հրապարակում նախատեսված են ռազմական շքերթ, երդման արարողություն և տոնական համերգ։
Զուգահեռաբար, Ապրիլի 9-ի անվան այգու և Օրբելիանիի փողոցի հարակից տարածքում կկազմակերպվեն ճանաչողական-ժամանցային, մարզական և մշակութային միջոցառումներ, ձեռնարկատիրական ցուցահանդես-վաճառք և գինու համտեսի գոտի։ Նախատեսված է նաև քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի նշումը։
Տարածաշրջաններում միջոցառումները կանցկացվեն Գորիում, Զուգդիդիում, Օզուրգեթիում, Թելավիում, Ամբրոլաուրիում, Ռուսթավիում, Փոթիում, Քութաիսիում, Մեստիայում, Ախալցխայում, Մցխեթայում և այլուր։ Բոլոր վայրերում նախատեսված է նույն ձևաչափը՝ ցուցադրական միջոցառումներ, տեղական արտադրողների արտադրանքի վաճառք և երեկոյան համերգ։
Միջոցառումների կազմակերպման մեջ ներգրավված են կառավարության գրեթե բոլոր նախարարությունները։ Առայժմ նախագծի բյուջեն հայտնի չէ, և դրա համար հատկացումների վերաբերյալ կառավարությունն առանձին որոշում կընդունի։