Կադրային փոփոխություններ «Վրացական երազանք»-ում. հասարակության արձագանքը և փորձագիտական կանխատեսումներ

«Վրացական երազանք»-ի կառավարությունում օրեր առաջ հերթական կադրային փոփոխություններն են տեղի ունեցել։ Նորությունները լրատվամիջոցներին ապրիլի 21-ին ներկայացրել է կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։ Ներկա են եղել Մամուկա Մդինարաձեն, Գելա (Գեկա) Գելաձեն և Սուլխան Թամազաշվիլին։

Փոխվել է ներքին գործերի նախարարը. Գելա (Գեկա) Գելաձեին փոխարինել է Սուլխան Թամազաշվիլին, որը մինչ այդ զբաղեցնում էր Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահի պաշտոնը։

Աջարիայի նախագահի պաշտոնի համար թեկնածու դեռևս չի առաջադրվել։

Ներքին գործերի գործող նախարար Գելա Գելաձեն զբաղեցրել է Պետական անվտանգության ծառայության պետի պաշտոնը։

Մամուկա Մդինարաձեն այլևս ՊԱԾ-ի պետ չէ, նշանակվել է փոխվարչապետ։

Կառավարության կառուցվածքում ավելացել է նոր հաստիք` իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարար։ Այս պաշտոնը նույնպես կզբաղեցնի Մամուկա Մդինարաձեն։

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ըստ որի կառավարությունում կստեղծվի նոր պաշտոնի հաստիք, ներկայացվել է խորհրդարան։

«Ցանկանում եմ խնդրել Վրաստանի խորհրդարանին օրինագիծն ընդունել հաջորդ նստաշրջանային շաբաթվա ընթացքում՝ արագացված կարգով… Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մամուկա Մդինարաձեին՝ ՊԱԾ ղեկավարի պաշտոնում շատ հաջող գործունեության համար»,-ասել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Այսինքն, կառավարության կազմում կլինի երեք փոխվարչապետ (Իրակլի Չիքովանի, Մամուկա Մդինարաձե և Մակա Բոճորիշվիլի):

Գելա (Գեկա) Գելաձեն ներքին գործերի նախարար էր նշանակվել 2025 թվականի մայիսի 28-ին. նախորդ նախարարը՝ Վախթանգ Գոմելաուրին, հասարակությանը հրաժեշտ էր տվել գրավոր հայտարարությամբ:

Սուլխան Թամազաշվիլին 2025 թվականի ապրիլի 5-ին էր նշանակվել Աջարիայի կառավարության նախագահ՝ փոխարինելով Թորնիկե Ռիժվաձեին:

Մամուկա Մդինարաձեն Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետի պաշտոնում աշխատում էր 2025 թվականի սեպտեմբերի 3-ից: Նա փոխարինել էր Անրի Օխանաշվիլիին, որի նախորդը (Գրիգոլ Լիլուաշվիլի) կալանավորված է:

Ապրիլի 21-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարած կադրային փոփոխությունները շարունակում են մնալ քաղաքական և փորձագիտական քննարկումների կենտրոնում: Վերլուծաբանները նշված գործընթացը գնահատում են մի քանի հիմնական ուղղությամբ։

Վերլուծաբանները սա որակում են որպես կառավարման «վերահսկողական օղակ»: Սա ընկալվում է նաև որպես օպերատիվ կոորդինացիայի բարձրացման գործիք։

Փորձագետներն ու հասարակության տարբեր շրջանակներ մատնանշում են կադրային հաճախակի շրջապտույտի ռիսկերը, նշելով՝ երբ բարձրաստիճան պաշտոնյաները փոխվում են մի քանի ամիսը մեկ, դա կարող է հարցականի տակ դնել պետական գերատեսչությունների երկարաժամկետ ծրագրերի իրագործման հետևողականությունը։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին այս փոփոխությունները դիտարկեց որպես կադրային ճգնաժամ.

«Այս փոփոխությունները կադրային ճգնաժամի մասին են վկայում, ինչը նշանակում է, որ նրանք չունեն համապատասխան որակավորում ունեցող անձինք։ Նաև ակնհայտ են համակարգային խնդիրները. այն փաստը, որ ՊԱԾ-ի (Պետական անվտանգության ծառայության) պետը մեկ տարվա ընթացքում երեք անգամ փոխվում է, նշանակում է` ինչ-որ լուրջ խնդիր կա։ Այս ամենը տեղի է ունենում պատժամիջոցների ֆոնին և լեգիտիմության պակասի պայմաններում»,— ընդգծեց հանրային նախկին պաշտպանը։

«Սոցիալական արդարության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Թամթա Միքելաձեն կարծում է, որ այս նոր նշանակումը Մդինարաձեի ուժեղացումն է, թե թուլացումը, պարզ կդառնա շատ շուտով, երբ ժամանակ անցնի, և պարզվի նրա դիրքի հետագա փոփոխությունները.

«Այս տեսանկյունից, առանց պորտֆելի պետական նախարարի պաշտոնը, որը չունի գործադիր լիազորություններ, հաստատապես չի դիտվում որպես առաջխաղացում: Առավել ևս, որ Մդինարաձեի հեռացումը նախորդ պաշտոնից տեղի ունեցավ շատ արագ՝ ընդամենը մի քանի ամսից:

Հետաքրքրական է նաև այն, որ եթե նախկինում ՊԱԾ-ի ղեկավարներն ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային գործընկերների հետ տեխնիկական ձևաչափերով կոնտակտների պահպանման և, ի վերջո, քաղաքական կապերի ապահովման միջոց էին, ապա այժմ լիովին տեխնոկրատ (քաղաքական փորձ չունեցող) անձի նշանակումը հարց է առաջացնում. թե ինչպես է «Վրացական երազանք»-ը պատրաստվում ապագայում կազմակերպել նմանատիպ ռազմավարական հաղորդակցությունը»,— գրել է նա։

Ըստ Միքելաձեի՝ ցանկացած պարագայում ուժային կառույցներում արագ և ագրեսիվ փոփոխությունները ցույց են տալիս այս համակարգի քաղաքականացման և քաղաքականության «սեկյուրիտիզացիայի» (անվտանգայնացման) ակնհայտ միտումը։

Ընդդիմադիր դաշինքը նույնպես արձագանքել է «Վրացական երազանք»-ի կառավարական փոփոխություններին և դրանք անվանել «կադրային կարուսել»:

Դաշինքի հայտարարության համաձայն՝ այս փոփոխությունները «Իվանիշվիլիի ռեժիմի լեգիտիմության ճգնաժամի ևս մեկ վկայություն են»։

«Այսօրվա կադրային կարուսելն Իվանիշվիլիի ռեժիմի լեգիտիմության ճգնաժամի ևս մեկ ապացույցն է։

Իր վնասակար մտադրություններն իրականացնելու համար ռեժիմին կենսականորեն անհրաժեշտ է ներքին կայունություն, սակայն այդ կայունությունը նրա համար դարձել է անհնարին խնդիր. արագորեն նեղանում է այն մարդկանց շրջանակը, որոնց Իվանիշվիլին վստահում է որպես իր իշխանության հենարան»,— ասել են դաշինքից։

Ըստ դաշինքի անդամների՝ իրենք կշարունակեն չճանաչման և չհամագործակցության քաղաքականությունն այնքան ժամանակ, քանի դեռ «Ռուսաստանի դաշնակից ռեժիմին վերջնականապես չեն զրկել հենարանից և զավթված պետությունը չեն վերադարձրել վրաց ժողովրդին»։

Ընդդիմադիր դաշինքի մեջ մտնող կուսակցություններն են՝ «Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա», «Ազգային-դեմոկրատական կուսակցություն», «Եվրոպական Վրաստան», «Ազատության հրապարակ», «Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Ֆեդերալիստներ» և «Միացյալ ազգային շարժում»: