Գորիում քաղաքացուն ծեծի ենթարկելու համար ձերբակալված ոստիկաններից մեկի՝ Ալեկո Բադալովի փաստաբան Նոդար Ցինցաձեն ասել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։ Փաստաբանն այս հայտարարությունն արել է Գորիի շրջանային դատարանում՝ նախքան խափանման միջոցի հարցը քննարկելը։
«Նրան մեղադրանք է առաջադրվել բռնության միջոցով պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար։ Սակայն ապացույցներ չկան: Նա չի ընդունում մեղադրանքը», — ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գորիում քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկելու գործով 6 ոստիկան էր ձերբակալվել։ Դատախազության հաղորդմամբ՝ նրանց դեմ հետաքննություն է ընթանում պաշտոնեական լիազորությունները բռնությամբ չարաշահելու հոդվածով։
Մայիսի 27-ի կեսօրին տեղի ունեցած միջադեպին մասնակից ոստիկանները ձերբակալվել են մայիսի 28-ին։ Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է 5-ից 8 տարի ժամկետով ազատազրկում։