ԵՄ-Վրաստան հանդիպում վիզային երկխոսության շրջանակներում

Եվրամիությունն ու Վրաստանը այսօր հանդիպում կանցկացնեն վիզային երկխոսության շրջանակներում։

Տեղեկությունը տարածել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի ղեկավար Ռիկարդ Ջոզվյակը։

«Կարևոր հանդիպում՝ վիզային ազատականացման հնարավոր կասեցման խնդրի քննարկման նպատակով», — գրել է Ջոզվյակը սոցիալական ցանցում։

Ավելի ուշ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ ԵՄ վիզային կարգավորման համաձայն՝ կասեցման մեխանիզմի գործողության ընթացքում Եվրոպական հանձնաժողովը պետք է երկխոսություն սկսի համապատասխան երկրի հետ։

«Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության հրավերով, վրացական կողմի և Եվրոպական հանձնաժողովի միջև երկխոսության առաջին հանդիպումը կկայանա Բրյուսելում հունիսի 11-ին, որին կմասնակցեն վրացական համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները՝ Արտաքին գործերի նախարարության միջազգային իրավական, հյուպատոսական և սփյուռքի գործերի տնօրինության տնօրենի ղեկավարությամբ», — հայտնել է գործակալությունը։