«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն, հաշվի առնելով առկա քաղաքական և տնտեսական հարաբերությունները, Վրաստանը Ղրղզստանին դիտարկում է ոչ միայն որպես կարևոր և հուսալի գործընկեր, այլև որպես բարեկամ պետություն։ Իրակլի Կոբախիձեն այս հայտարարությունն արել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ համատեղ անցկացված ճեպազրույցի ժամանակ։
Ըստ Կոբախիձեի` այցը Ղրղզստան նոր խթան կհաղորդի Վրաստան-Ղրղզստան երկկողմ հարաբերություններին։
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր պաշտոնական պատվիրակության հետ միասին գտնվել Ղրղզստանի Հանրապետությունում։ Չնայած այն հանգամանքին, որ մեր ժողովուրդներին ու երկրներին կապում են պատմական սերտ հարաբերություններ, ինչպես արդեն նշվեց` սա բարձրագույն մակարդակի առաջին այցն է մեր երկրների միջև։ Հետևաբար, համարձակորեն կարելի է ասել, որ այս այցը պատմական է։
Հույս ունեմ և համոզված եմ, որ այս այցը նոր խթան կհաղորդի Վրաստան-Ղրղզստան երկկողմ հարաբերություններին։ Մենք ունեցանք շատ հետաքրքիր, բովանդակալից զրույց երկկողմ հարաբերությունների մասին, նաև անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային օրակարգի տարբեր հարցերի։ Հատկանշական է, որ ստորագրվեց իմ և Ղրղզստանի նախագահի համատեղ հայտարարությունը, երկկողմ փաստաթղթեր, որոնք ապագայում բարենպաստ պայմաններ կստեղծեն սերտ համագործակցության համար։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին բարձր մակարդակով ջերմ հյուրընկալության համար։
Այս տարի Ղրղզստանը նշում է անկախության 35-ամյակը, և ես ցանկանում եմ այս կարևոր ամսաթվի կապակցությամբ, պարոն նախագահ, Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները և Ձեզ ու բարեկամ ղրղզ ժողովրդին մաղթել խաղաղություն ու բարօրություն։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր, անվերապահ և հետևողական աջակցության համար։
Հաշվի առնելով առկա քաղաքական և տնտեսական հարաբերությունները՝ Վրաստանը Ղրղզստանին դիտարկում է ոչ միայն որպես կարևոր և հուսալի գործընկեր, այլև որպես բարեկամ պետություն։ Դա ունի շատ ամուր հիմք՝ ի դեմս այն պատմական բարեկամության, որը ձևավորվել է մեր ժողովուրդների և մեր երկրների միջև։
Ընդլայնված ձևաչափով հանդիպման շրջանակներում քննարկել ենք Վրաստան-Ղրղզստան համագործակցության լայն շրջանակը, նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակության հարցեր։
Երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա հարցերի քննարկման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը և դրա հետագա զարգացման կարևորությանը։ Նշվել է, որ այս համագործակցության զարգացումն ունի շատ մեծ ներուժ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։