«Ջեո Հոսպիտալս»-ի ծեծի ենթարկված անվտանգության աշխատակիցը մահացել է

Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալս»-ի անվտանգության աշխատակիցը, ում ապրիլի 11-ին ծեծի էին ենթարկել ծառայողական պարտականությունները կատարելիս, մահացել է: Տեղեկությունը տարածել է «Մառնեուլի Նյուզ»-ը:

Տեղական պարբերականի տեղեկություններով՝ «Ջեո Հոսպիտալս»-ի անվտանգության աշխատակիցը միացված էր արհեստական շնչառության սարքին:

Տեղական լրատվամիջոցը, հիմնվելով ընտանիքի անդամների տրամադրած տեղեկատվության վրա, գրել է, որ անվտանգության աշխատակցին ֆիզիկական հաշվեհարդարի է ենթարկել բուժառուի ընտանիքի անդամը: Նա միջին տարիքի տղամարդուց պահանջել է իրեն ներս թողնել կլինիկա այն ժամանակ, երբ տեսակցության ժամերն արդեն ավարտված են եղել: Մերժումից հետո տեղի է ունեցել անվտանգության աշխատակցի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձերբակալված է 1 անձ: