Էլենե Խոշտարիայի առողջական վիճակը և արձագանքներն ամփոփ

Կալանքի տակ գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիայի փաստաբանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Ռուսթավիի բանտում գտնվող բանտարկյալի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, և նա բուժման կարիք ունի։ Շոթա Թութբերիձեի խոսքով՝ վատթարացումը նկատվում է վերջին չորս ամիսների ընթացքում։

«Ամեն տեսակցության ժամանակ մեզ՝ նրա փաստաբաններիս համար, ակնառու են այնպիսի ախտանիշներ, որոնք կարող են մատնանշել տագնապալի վիճակ։ Դրանք են՝ հոդերի ուժեղ ցավը, տեղաշարժման դժվարությունը, պարբերաբար հոդերի շարժունակության սահմանափակումը, ինչի պատճառով նա երբեմն չի կարողանում նույնիսկ գրել, իսկ տեղաշարժվելիս հենակ է օգտագործում»,- ասել է Շոթա Թութբերիձեն։

Նա նաև նշել է, որ Խոշտարիան դեմ էր իր առողջական վիճակի մասին հրապարակավ խոսելուն, սակայն միտքը փոխել է այն բանից հետո, երբ «բանտի բժշկական անձնակազմն ու հաստատության տնօրենը պատշաճ ուշադրություն չեն ցուցաբերել»։

«Հատկանշական է հաստատության բժշկական անձնակազմի և տնօրենի վերաբերմունքն այս հարցին. այս 4 ամիսների ընթացքում նրանց անցկացրած բժշկական հետազոտություններն ու պրոցեդուրաները էպիզոդիկ (սպորադիկ) են, չհամակարգված և անարդյունավետ»։

Շոթա Թութբերիձեն աել է, որ իրենք խորհրդատվություն են անցել թուրք բժիշկների հետ, որը գնահատել է կալանավորված քաղաքական գործչի վիճակը։

«Բժիշկների գնահատմամբ՝ առանց պատշաճ բուժման, առողջական վիճակի վատթարացման դեպքում Էլենեի առողջությանը կարող է հասցվել անդառնալի վնաս։ Օրինակ՝ նա այլևս չի կարողանա տեղաշարժվել առանց հաշմանդամության սայլակի»,- ասել է Թութբերիձեն։

Քրեակատարողական (պենիտենցիար) ծառայությունը հայտարարությամբ է պատասխանել Խոշտարիայի փաստաբանին։ Ծառայության պարզաբանմամբ՝ քաղաքական գործիչը «անխոչընդոտ օգտվում է բոլոր, այդ թվում՝ բժշկական ծառայություններից».

«Էլենե Խոշտարիայի ախտորոշումների բացարձակ մեծամասնությունը հաստատված է եղել մինչև հաստատություն ընդունվելը, և դրանք քրոնիկական հիվանդություններ են, որոնց բնորոշ է պարբերական սրացումը։ Նա բժշկական անձնակազմին որևէ գանգատ կամ դժգոհություն չի հայտնում»։

Ավելի ուշ, գերատեսչության մամուլի ծառայությունը տարածել է նաև Քրեակատարողական ծառայության տնօրեն Գիորգի Պատարիձեի մեկնաբանությունը Խոշտարիային ցուցաբերված բժշկական օգնության մասին.

«Փաստաբանները ճեպազրույցի ժամանակ հնչեցրին հերթական բացահայտ սուտը, թե իբր իրենք թուրքական կողմից ստացել են բժշկական հանձնարարականներ և փոխանցել Քրեակատարողական ծառայությանը։ Այդ հանձնարարականը հենց ինքը՝ դատապարտյալն է փոխանցել մեր բժշկական թիմին մայիսի 21-ին։ Ըստ այդմ՝ մենք պլանավորել ենք համապատասխան ոլորտի մասնագետի ներգրավումը։ Արդեն հունիսի 5-ին նրան ցուցաբերվել է համապատասխան խորհրդատվություն»։

«Հունիսի 9-ին անցկացվել են համապատասխան ուղղվածության լաբորատոր հետազոտություններ։ Այս րոպեներին նրան արդեն տրամադրվել է հետազոտություններից հետո անհրաժեշտ խորհրդատվությունը, և արդեն իսկ նախագծված է հետագա բուժման ընթացքը»։

18-ամսյա կալանք պլակատի վրայի գրության պատճառով

Մարտի 24-ին ընդդիմադիր «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիային, որը մեղադրվում էր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական պաստառը «վնասելու» համար, դատավոր Գիորգի Արևաձեն դատապարտեց 1 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Հիշեցնենք, որ Էլենե Խոշտարիայի ձերբակալությունն ու դատապարտումը ժամանակին խիստ դատապարտել են ինչպես տեղական հասարակական կազմակերպությունները, այնպես էլ միջազգային հեղինակավոր կառույցները՝ կատարվածը որակելով քաղաքականապես մոտիվացված։

Այժմ, երբ հայտնի դարձավ բանտում նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին, թե՛ Վրաստանում և թե՛ երկրի սահմաններից դուրս բազմաթիվ հանրային ու քաղաքական արձագանքներ կան՝ կապված նրա առողջական վիճակի պատշաճ, անկախ ստուգումների և անհապաղ բուժօգնության տրամադրման հետ։

Թրանսփերենսի Ինթերնեշնլ-Վրաստանը (Միջազգային թափանցիկություն — Վրաստան՝ TI) արձագանքել է Էլենե Խոշտարիայի առողջական վիճակի վերաբերյալ տարածված տեղեկությանը։ Կազմակերպությունը պահանջում է նրա անհապաղ ազատ արձակումը։

«Պահանջում ենք, որ Էլենե Խոշտարիան` որպես քաղաքական բանտարկյալ, անհապաղ ազատ արձակվի, իսկ կալանքի տակ գտնվելու ընթացքում նրան հրատապ կարգով պատշաճ բուժման հնարավորություն տրվի, մասնավորապես՝ հասանելիություն համապատասխան ախտորոշիչ և թերապևտիկ միջոցառումներին, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոցում։

Խոշտարիայի առողջական վիճակի վատթարացման դեպքում պատասխանատվությունը կընկնի «Վրացական երազանք»-ի, Բիձինա Իվանիշվիլիի և նրա թիմի անդամների վրա։ Նրանք, նաև բոլոր այն անձինք, ովքեր մասնակցում են այս քաղաքական որոշման գործադրմանը, կատարում են քրեական հանցագործություն, որը կապված է մարդու խոշտանգումների (Քրեական օրենսգրքի 1441 հոդված) կամ նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքի (ՔՕ 1443 հոդված) և պաշտոնեական լիազորությունների անցման հետ (ՔՕ 333-րդ հոդված)»,- գրել է կազմակերպությունը։

TI-ն նաև նշել է, որ Էլենե Խոշտարիայի նկատմամբ խախտվում են միջազգային ստանդարտները։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարզաբանմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (Խոշտանգումների արգելում) պահանջում է, որ պետությունն ապահովի կալանավորի տեղավորումն այնպիսի պայմաններում, որոնք համատեղելի են նրա մարդկային արժանապատվությունը հարգելու իրավունքի հետ։ Քրեաիրավական միջոցառումների կիրառման ձևն ու մեթոդը չպետք է պատճառեն տառապանք կամ հոգեբանական ճնշում։ Նրա առողջությունն ու բարեկեցությունը պետք է պատշաճ կերպով պաշտպանված լինեն, այդ թվում՝ նրան անհրաժեշտ բժշկական օգնությամբ ապահովելու միջոցով»,- ասված է TI-ի հայտարարության մեջ։

«Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» կազմակերպությունը (ALDE) ևս արձագանքել է բանտում Էլենե Խոշտարիայի առողջական վիճակի վատթարացման մասին տարածած տեղեկությանը։

«Լիբերալներս պահանջում ենք, որ Էլենե Խոշտարիային հրատապ բժշկական օգնություն ցուցաբերվի։ Գրեթե 10-ամսյա ապօրինի կալանքի ընթացքում նրա առողջական վիճակն արագորեն վատթարանում է, մինչդեռ նրան մերժում են պատշաճ բժշկական բուժում տրամադրել։ Առանց համապատասխան օգնության՝ նրա առողջությանը անդառնալի վնաս հասցնելու վտանգ կա, ինչը կարող է նրան զրկել նույնիսկ քայլելու ունակությունից։

«Վրացական երազանք»-ը պետք է անհապաղ գործի և ապահովի, որ Էլենե Խոշտարիան ստանա այն բուժումը, որի խիստ կարիքն ունի»,- ասված է ALDE-ի հայտարարության մեջ։

Վրաստանի հանրային պաշտպանը (օմբուդսմենը) արձագանքել է կալանքի տակ գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիայի առողջական վիճակին և հայտնել, որ պատրաստ է ուսումնասիրել քրեակատարողական հաստատությունում նրան ցուցաբերվող բժշկական օգնության արդյունավետության հարցը։

Իոսելիանին գրել է, որ տվյալ անձի փաստաթղթերի պահանջումն ու ուսումնասիրությունը հնարավոր են միայն հենց իր՝ անձի համաձայնության առկայության դեպքում։

«Նրա համաձայնության դեպքում կիրականացվի գրասենյակի ներկայացուցչի այցելություն նրան և նրա բժշկական նյութերի ուսումնասիրություն/գնահատում»,- գրել է Իոսելիանին։

«Շատ մարդիկ են հետաքրքրվել, թե ինչ է անում Հանրային պաշտպանը՝ կապված Էլենե Խոշտարիայի առողջական վիճակի վատթարացման մասին տարածված տեղեկատվության առնչությամբ։ Առաջին հերթին ցանկանում եմ հայտարարել, որ միշտ պատրաստ եմ եղել և այսօր էլ պատրաստ եմ ուսումնասիրել քրեակատարողական հաստատությունում նրան ցուցաբերված բժշկական օգնության արդյունավետության հարցը։ Սակայն, քանի որ անձի առողջական վիճակի մասին տեղեկատվությունն ու բժշկական փաստաթղթերը հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են, նշված փաստաթղթերի պահանջումն ու ուսումնասիրությունը հնարավոր են միայն հենց տվյալ անձի համաձայնության առկայության դեպքում։

Հենց դրա պատճառով, հրապարակավ տարածված հայտարարությունից հետո իմ ներկայացուցիչը կապ է հաստատել նրա փաստաբանի հետ և պատրաստակամություն հայտնել գործընթացում մեր ներգրավվածության վերաբերյալ»։

«Սոցիալական արդարության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Թամթա Միքելաձեն գրել է.

«Էլենե Խոշտարիայի վիճակը, առկա հանրային տեղեկատվության համաձայն, դեռևս մինչև բանտարկությունն արդեն ծանր էր։ Նրա վիճակը, ամենայն հավանականությամբ, կապված էր ցույցերի ցրման ժամանակ կրած սթրեսի և քիմիական ներգործության հետ, ինչի պատճառով նա, ինչպես ասվում էր, ուներ դժվարորոշելի և դժվար կառավարելի ախտորոշում։ Հիշում եմ, թե ինչպես էր նա բուժվում և միաժամանակ շարունակում հանրային գործունեությունը՝ հյուծված և ֆիզիկապես փոխված։

Իսկ այժմ այն, ինչ նրա փաստաբանը հրապարակայնորեն հայտարարում է բանտում նրա վիճակի վատթարացման մասին, առանձնահատուկ ծանր է։

Թանկագին Էլենե Խոշտարիային, որին վերջին տարիներին շատերն ընկալում են որպես քաղաքական սկզբունքայնության և անկոտրումության օրինակ, և որը նույնիսկ բանտից է շարունակում աջակցել ուրիշներին, առողջություն եմ մաղթում։ Սակայն այս հարցը միայն անձնական կարեկցանքի առարկա չէ, նաև իրավական և հասարակական հետաքրքրության հարց է։ Հանրությունը պետք է ավելի շատ տեղեկատվություն ունենա նրա առողջական վիճակի, քրեակատարողական համակարգում ցուցաբերվող բժշկական օգնության և այդ բուժման արդյունավետության մասին։ Նաև այն մասին, թե էլ ինչ կարելի է անել հետընթացը կանխելու համար, և որքանով է սահմանված պատժի կրումն արդարացի ու համարժեք այս պայմաններում։

Միաժամանակ չմոռանանք, որ Էլենե Խոշտարիան կալանքի տակ է գտնվում լիովին անհիմն մեղադրանքով՝ մի արարքի համար, որն առավելագույնը պետք է որակվեր որպես վարչական իրավախախտում։

4 երեխաների մոր առողջությունը գործնականում զոհաբերեց այս ռեժիմը, և դա ոչ մեկի համար չպետք է անցնի առանց իրավական և քաղաքական պատասխանատվության»։