Մզիա Ամաղլոբելիի անդրադարձը Էլենե Խոշտարիայի առողջական վիճակին

Անազատության մեջ գտնվող «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» պարբերականների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին աջակցություն է հայտնել ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիային։ Ամաղլոբելիի նամակը տարածել է «Նեթգազեթի»-ն։

««Իմեդի»-ի կոնտակտները չունեի, դրա համար «Բաթումելեբի»-ին/Նեթգազեթի»-ին կասեմ։ Հուսով եմ՝ ինձ կողմնակալության մեջ չեն մեղադրի։

Կատակը մի կողմ, բայց մի տեսակ ծանր շաբաթ է։ Յուրաքանչյուր հաջորդ օրը մեզ էլ ավելի դաժան իրականություն է հրամցնում։ Թվում է՝ անակնկալ ոչինչ չկա, այլևս չպետք է անհանգստանամ, բայց չի ստացվում։ Այս նոր ձերբակալությունների, բռնության, անտարբերության թե հազարումի բռնաճնշումների պատմությունները չեմ կարողանում հանգիստ ընդունել.

Ինչպե՞ս կարելի է հանգիստ լսել Էլենեի հենակով քայլելու մասին կամ որ նա դժվարությամբ է ձեռքով գրիչ բռնում։ Լավ է, որ փաստաբաններն ուշադրություն հրավիրեցին Էլենեի առողջության վրա։

Այստեղ՝ փակ տարածության մեջ, անարդարության հանդեպ զգայունությունն այնքան է սրվում, որ այն ամենը, ինչ մարդուն անհրաժեշտ է կյանքի համար, անկարևոր է դառնում։

Ինձ մի քիչ անհասկանալի է. մի երկրում, որտեղ բոլորը, ներառյալ բժիշկներն ու հիվանդանոցների սեփականատերերը, արտասահման են գնում ոչ թե միայն բուժվելու, այլև նույնիսկ ախտորոշում ճշգրտելու համար, ինչպե՞ս կարելի է նեղսրտել բանտարկյալի առողջության և բանտային պայմաններում նրա բուժման պլանի մասին հարցերից։ Մանավանդ որ Էլենեն պատկանում է այն մարդկանց թվին, որոնք այստեղ՝ բանտի պայմաններում, ոչ թե իրենց անհրաժեշտ ինչ-որ բան, այլև նույնիսկ իրենց հասանելիքը չեն պահանջի։

Նա մանիպուլյացիաների կարիք բացարձակ չունի։

Նույնիսկ ես գիտեմ, որ Էլենեն դեռ մինչև ձերբակալվելն էր ցավազրկողներով ոտքի վրա մնում։ Իսկ որ բանտում նրա առողջական վիճակը կծանրանար ու կբարդանար, դա բոլորից լավ հենց ռեժիմը գիտի։

Էլենեի վիճակն արհամարհելը նրանց համար դժվար կլինի. չէ՞ որ նա գտնվում է 24-ժամյա տեսահսկման տակ։

Չեմ կարծում, որ Էլենեն որևէ մեկից, այդ թվում՝ ինձանից, քաջալերանքի խոսքերի կարիք ունի, բայց, միևնույն է, ուզում եմ ասել նրան, որ ինքը մենակ չէ. նրանից ընդամենը մեկ կանչի հեռավորության վրա կա մի կին, այսինքն՝ ես, որը նրա նման հավատում է և նրա նման մինչև վերջ կպայքարի ժողովրդավարական ու եվրոպական Վրաստանի համար»,- գրել է Ամաղլոբելին։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում կալանքի տակ գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիայի առողջական վիճակը խիստ վատթարացել է, ինչի մասին փաստաբաններն ահազանգել են օրեր առաջ: