Վրաստանի խորհրդարանում քննարկման է դրվել նոր օրենսդրական նախագիծ, որը նախատեսում է խաղային բիզնեսի համար արտոնագրման (լիցենզավորման) նոր կատեգորիայի շրջանակի ներդրում։
Ըստ օրինագծի պարզաբանման` փոփոխությունը կնպաստի միջազգային օպերատորների ներգրավմանը և միաժամանակ կապահովի Վրաստանի քաղաքացիների լրացուցիչ պաշտպանությունը հնարավոր ազդեցություններից։
«Վիճակախաղերի, ազարտային և շահումով խաղերի կազմակերպման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի հեղինակներն են խորհրդարանի պատգամավորներ Շոթա Բերեկաշվիլին, Գիորգի Բարվենաշվիլին, Թոռնիկե Բերեկաշվիլին, Անտոն Օբոլաշվիլին և Մարիամ Լաշխին։
Նախագծի համաձայն՝ Վրաստանում արտոնագրման նոր կատեգորիայի ներդրման արդյունքում այլ երկրներում գրանցված խաղային բիզնեսի օպերատորները Վրաստան մուտք կգործեն օրինական ճանապարհով, սակայն նրանց ինտերնետային կայքերից օգտվելը Վրաստանի քաղաքացիների համար ավտոմատ կերպով կարգելվի։
Ավելի կոնկրետ, փոփոխության արդյունքում խաղային բիզնեսի ոլորտում կներդրվեն նոր կատեգորիայի թույլտվություններ հետևյալ գործունեության տեսակների համար.
Համակարգային-էլեկտրոնային ձևով խաղատների (կազինոների) խաղերի միջազգային կազմակերպում,
Համակարգային-էլեկտրոնային ձևով խաղային ավտոմատների խաղերի միջազգային կազմակերպում,
Համակարգային-էլեկտրոնային ձևով տոտալիզատորների խաղերի միջազգային կազմակերպում։
Օրինագծի բացատրագրում ընդգծված է, որ միջազգային կազմակերպման թույլտվություն ունեցողների համակարգային-էլեկտրոնային ձևով կազմակերպած խաղերին մասնակցելու իրավունք կունենան միայն օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, իսկ Վրաստանի քաղաքացիների մասնակցությունն այդ խաղերին կարգելվի։
Բացի նշված սահմանափակումից, այս տիպի թույլտվություն ունեցողների վրա կտարածվեն նույնական պայմաններ, իրավունքներ ու պարտականություններ, որոնք գործող օրենսդրությամբ սահմանված են համակարգային-էլեկտրոնային ձևով խաղատների, խաղային ավտոմատների և տոտալիզատորների կազմակերպման թույլտվություն հայցողների/ունեցողների համար։
Ինչ վերաբերում է տուրքերի և տուգանքների չափերին, ինչպես նշված է փաստաթղթում, թույլտվության յուրաքանչյուր տեսակի համար (տրվում է 5 տարի ժամկետով) տարեկան կտրվածքով վճարվելու է թույլտվության տուրք՝ 100 հազար լարիի չափով։
Դրա հետ մեկտեղ, թույլտվություն ունեցողների համար լրացուցիչ սահմանվում է շահութահարկ, որը կազմում է կատարված խաղադրույքների և տրված շահումների միջև առկա տարբերության ամսական 5%-ը։
Հատկանշական է, որ օրինագիծը նախատեսում է 20 հազար լարիի չափով տուգանքների սահմանում վերոնշյալ թույլտվություն ունեցողներից յուրաքանչյուրի համար՝ թույլտվության տուրքի վճարման ժամկետի խախտման կամ թույլտվության այլ պայմանների խախտման դեպքում։